Հասարակություն 

Ցեղասպանության ցավի բուժումն արդարությունն է. Սյուզան Խարդալյանի նամակը թուրք ժողովրդին

Ռեժիսոր, «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմի հեղինակ, Շվեդիայում բնակվող Սյուզան Խարդալյանը նամակ է հղել Թուրքիայի ժողովրդին, որը հրապարակել է պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթը։

Հիշեցնենք, որ «Ակօս» շաբաթաթերթն ավելի վաղ տեղեկացրել էր, որ սփյուռքի 16 գործիչներ նամակներ են հղել Թուրքիայի ժողովրդին, որոնք առանձին-առանձին կներկայացնի շաբաթվա ընթացքում։

Նամակը ներկայացնում ենք ստորև.
 

«Տարօրինակ է, թե ինչպես են այն տեղերն ու անունները, որոնք կյանքումս չեմ տեսել, մտքիս մեջ դրոշմվել։ Կարսի, Աղթամարի, Մալաթիայի, Մարաշի, Ադըյամանի քարտեզները դրոշմված են մարմնիս վրա։ Անգիր գիտեմ դրանք։ Հավանաբար հին քարտեզներ են, սակայն դրանք այսօրվա Թուրքիայի տարածքում գտնվող վայրերի քարտեզներ են։

 

Հայրենիքից եկած տարօրինակ մանրամասներ, ձայներ, բույրեր են ինձ փոխանցվել։ Ես գիտեմ Վանա ծովի հրաշալի ձկների մասին, Տիգրանակերտի վիթխարի ձմերուկների մասին, մոտավորապես կարող եմ շնչել հողի բույրը, երբ անձրևում է Սասունում։

Ինչպե՞ս կարող եմ այսքան տեղեկություններ ունենալ, երբ դրանք անձնապես չեմ ապրել։

 

Պարզապես՝ քանի որ ծնվել եմ՝ մեջս ունենալով այս հիշողությունները. երկրի ու կորսված տան հիշողությունը։

 

Հորական կողմից նախահայրերս Մարաշից և Ադըյամանից են, իսկ մորական կողմից՝ Մուսալեռից և Բելենից։
 

Չորսն էլ իրենց զավակներին և թոռներին սովորեցրել են սիրել ու փայփայել կորուսյալ հայրենիքը։ Մեծ հայրս փոքր տղա էր Մարաշից՝ որբի զավակ, որը կորցրել էր իր ամբողջ ընտանիքը՝ 11 եղբայրներին ու քույրերին։ Հայրն անհետ կորել էր, իսկ մայրը՝ սառչելով մահացել տարագրության ճանապարհներին։

 

Մեծ մայրս առևանգվել և բռնաբարվել էր, երբ ընդամենը 12 տարեկան էր։ Նա երբեք չծիծաղեց, չժպտաց իր կյանքում։ Նա երբեք ինձ չգրկեց։ Նա քայլող դիակ էր։ Նրա բառերն իր լռության մեջ էին։

 

Իմ մեծ պապիկը դատախազ էր, դատարանում մահապատժի է ենթարկվել իր օգնականի հետ։ Իմ մեծ հայրերից խլվեց կյանքի իրավունքը, արժանապատիվ ուսման իրավունքը, իրենց ուրախության և բնականոն կյանքի հնարավորությունը։

 

Ես մեծ բեռ եմ վերցրել ուսերիս։ Ծնողներս ու մեծ հայրերս միայն մեկ խնդրանք ունեին՝ չմոռանալ։ Երբեք չմոռանալ անապատի ավազների մեջ կորած սիրելիների հիշատակը, մահվան դաշտերի մեջ կորած մարդկանց հիշատակը։
 

Ես այսօր հասկանում եմ, թե ինչ է նշանակում չունենալ ընտանեկան գերեզման։ Գերեզմանն այն տեղն է, ուր կտեսնես ինքդ քեզ, ներկադ, անցյալդ, ապագադ։ Ինձնից խլվածն այդ շարունակականությունն է, պատկանելիության զգացումը։ Այսօր ես երկրագնդի վրա շրջելով փնտրում եմ ինձ սնուցած արմատները՝ մեր մտքերն ու հոգիները սնուցող արմատները։

Հույս ունեմ, որ թուրք ժողովուրդը պետք է հասկանա այս վիճակը։ 1915թ.-ի պատճառած ցավը չի անհետացել, հակառակը, այն դարձել է տևական և քրոնիկ։ Միակ բուժումն արդարությունն է։ Օգնեք մեզ, որ վերադառնանք, կարողանանք գտնել մեր մեռելներն ու հարգալից թաղում կատարել։ Թույլ տվեք գտնել հավաքական գերեզմաններն ու դրանք հարգանքի հուշակոթողներ դարձնել»։

Նույն շարքից