Հասարակություն 

Առանց Ցեղասպանության ճանաչման՝ բուժում հնարավոր չէ. սփյուռքահայ մտավորականների կոչերը Թուրքիայի ժողովրդին

Սփյուռքահայ մտավորականները պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթի միջոցով բաց նամակներ են հղել Թուրքիայի ժողովրդին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Պարբերականն ավելի վաղ տեղեկացրել էր, որ սփյուռքի 16 գործիչներ նամակներ են հղել Թուրքիայի ժողովրդին, որոնք առանձին-առանձին կներկայացնի շաբաթվա ընթացքում։

Նամակներից երեքը ներկայացնում ենք ստորև.

Ֆրանսիական Elle ամսագրի գլխավոր խմբագիր Վալերի Թորանյան

«Մտածում եմ բոլոր ծպտյալ հայերի և թուրք ընտանիքների մեջ մեծացած ու իրենց ծագման մասին լուռ մնացած հայերի մասին։ Մտածում եմ նրանց բոլոր զավակների ու թոռների մասին, որոնք այսօր թուրքական հասարակության մաս են կազմում՝ հաճախ անտեղյակ սեփական պատմությանը։

 

Հայերի հազարավոր մանր «խճաքարեր» կան թուրքական հասարակության մեջ։ Միայն հարյուրամյա ժխտում չկա։ Կամ ավելի ճիշտ՝ կա հարյուրամյա ժխտում, բայց նաև՝ օղակներ ու կամա-ակամա հյուսքեր, որոնք կազմավորում են Թուրքիայի ներկայիս քաղաքացիական հասարակությունը։ 

 

Հայրս ծնվել է Մարսելում՝ այն նավի մեջ, որը մեծ մորս Ֆրանսիա էր տարել։ Մեծ մայրս փրկվել էր Ցեղասպանությունից և ապաստան էր գտել Հալեպում, ապրել էր հայ գաղթականների հետ։ Երբ լավ եմ զգում, իր մասին եմ մտածում։ Մտածում եմ իր քաջության, տոկալու կարողության մասին։ Մայրս հայ չէ, ամուսնացել է հայի հետ։ Հետաքրքրվում են նրա մշակույթով, պատմությամբ, պայքարով։ Մայրս և տատս երկու շատ տարբեր, բայց ուժեղ կանայք են։ Հուսամ՝ մի օր կկարողանամ փոխանցել նրանց ուժի մի մասը»։

 

Ամերիկահայ կինոգործիչ Էրիկ Նազարյան

«Եթե 1915թ.-ի ապրիլի 24-ին լինեին Twitter-ը, Facebook-ը կամ Youtube-ը, աշխարհը շուտով կահազանգեր այդ ողբերգական օրը լռեցված ճիչերի մասին, որոնք 99 տարի է՝ արձագանքում են։

 

Եթե Արմին Վեգներն iPhone ունենար, նրա նկարած նկարները համացանցում կտարածվեին, և նա 20-րդ դարի առաջին ցեղասպանության դեմքը կդառնար։

Դժբախտաբար 99 տարի առաջ այս «սև գարնան» օրվա մասին արձանագրվել է միայն ձերբակալվածների կառավարական գաղտնի փաստաթղթերի և հայերի հավաքական հիշողության մեջ։ Դրա համար է, որ այսօր մենք կողք կողքի ենք կանգնած՝ իրար հետ մեր պատմությունները կիսելու, պատկերացնելու և կառուցելու մեր ընդհանուր ինքնությունը, բուժելու և արդարություն պահանջելու մարդկության դեմ իրագործված այս ոճիրի համար, որը ողբերգականորեն կրկնվել է 20-րդ դարում՝ տարբեր շրջաններում։

 

Ես ցանկանում եմ թուրք ժողովրդին ասել, որ այս ոգեկոչումը նաև իրենց է պատկանում։ Առանց ձեր մասնակցության և ճանաչման՝ մենք հավաքականորեն բուժվել չենք կարող։ Հավաքական բուժում հնարավո՞ր է։ Պետք է այն փորձել իմաստալից երկխոսությամբ, անկեղծորեն առերեսվելով անցյալին և ցեղասպանության իրողությանը, ճանաչելով այս ահավոր ողբերգության ուղղակի և երկարաժամկետ հետևանքները։

Այս օրը պատկանում է նաև արդար թուրքերին, որոնք շատ կյանքեր փրկեցին և որոնց անունները դեռ մենք պետք է սովորենք։ Ապրիլի 24-ը ոգեկոչման և անդրադարձերի օր է աշխարհասփյուռ հայության համար։ Սա այն օրն է, երբ լռեցրին մեր առաջատար գրողներին, արվեստագետներին, մտավորականներին, որոնք նոր գաղափարների հեղինակներ էին և մշակույթի մեջ աշխույժ դերակատարություն ունեին։ Նրանց գրիչները սրերով կոտրեցին, սակայն խաղաղասեր գրիչները միշտ ոտքի են կանգնելու և ճշմարտությունն են տարածելու՝ հանուն խաղաղության և արդարության, ինչպես որ մտածում էր Հրանտ Դինքը»։

 

Ֆրանսահայ հայտնի ռեժիսոր Ռոբեր Կետիկյան
 

«Ցեղասպանության պատասխանատվությունը ոչ մի կերպ ներկայիս թուրքերին չի պատկանում։ Մյուս կողմից՝ նրանց նախնիների կողմից իրագործված ոճրի ճանաչումը պատիվ կբերի նրանց։ Նրանք մարդկության առաջ իրավացի կդառնան։

Այս խոսքերը հատկապես ասում եմ այն պատճառով, որ մայրս գերմանացի է, և ես հպարտ եմ հրեաների հանդեպ գերմանացիների կեցվածքի համար։

Ընտանիքիս հայրական կողմը Վանից և Սըվասից է եկել՝ կորցնելով իրենց ընտանիքի անդամներից շատերին»։

Նույն շարքից