Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբը հյուրընկալել էր «Արցախյան պատերազմի մասնակից կանայք» ՀԿ նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը։ Բանախոսն անդրադարձավ սահմանային լարվածությանը, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության հետ կապված առանձնահատկություններին ու խնդիրներին։
«Սահմանային այս լարված իրավիճակը նորություն չէ։ Մենք շրջապատված ենք թշնամիներով։ Այսուհանդերձ, հույս ունեմ, որ կկարողանանք խաղաղ ճանապարհով լուծել մեր խնդիրը», - նշեց բանախոսը։
Անդրադառնալով հայոց բանակի մարտունակությանը՝ գնդապետ Աիդա Սերոբյանը նշեց․ «Ես կարծում եմ, որ մենք ունենք շատ զինված ու մարտունակ բանակ։ Մենք ունենք հրաշալի պաշտպանության նախարար։ Անգամ իր ոտքը կորցնելուց հետո նա շարունակել է պաշտպանել իր երկիրը»։
Անդրադառնալով զինվորական ծառայությունից խուսափելու խնդրին՝ Աիդա Սերոբյանը նշեց, որ հայրենասիրական դաստրարակությունը պետք է օրորոցից ու դպրոցից սկսվի։
«Պատերազմում վիրավորվել էի․ Մասիվի հիվանդանոցում պառկած էի։ Հիվանդանոցի հարևանությամբ մի մանկապարտեզ կար․ այն կոչել էին Թաթուլ Կրպեյանի անվամբ։ Շուտով մանկապարտեզը հյուրընկալեց ազատամարտիկներին։ Ես էլ հյուրընկալվեցի այնտեղ։ Այդ փոքրիկները դաստիարակվել էին հայրենասիրական ոգով․ դա նկատելի էր։ Պատերազմում վիրավորված կանայք էին կանգնած նրանց դիմաց: Փոքրիկները հիացած աչքերով մեզ էին նայում ու երգում՝ Արդյոք ովքե՞ր են, Ի՞նչ կտրիճներ են․․․ Ուզում եմ ասել, որ երեխային պետք է հայրենասիրական ոգով դաստիարակել դեռ օրորոցից, մանկապարտեզից, դպրոցից․․․»,- ասաց Աիդա Սերոբյանը։
Գաղտնիք չէ, որ շատերը նույնիսկ պատերազմին չեն մասնակցել, բայց իրենց հորջորջում են ազատամարտիկ։ Անդրադառնալով այս խնդրին՝ Աիդա Սերոբյանը նշեց․ «Այդ մարդիկ այդպես ընդգրկվեցին ազատամարտիկների շարքերում, քանի որ ջոկատի հրամատարներն իրենց բարեկամներին, խնամիներին համապատասխան փաստաթղթեր էին տալիս, որոնք փաստում էին, որ վերջիններս պատերազմում կռվել են։ Որոշներն էլ մարտի դաշտում զենքը գցել ու փախել են։ Մի մասն ինքն իրեն կրակել էր, ինչից հետո հայտարարել, թե պատերազմի ժամանակ է վնասվածքներ ստացել:
Սա արատավոր երևույթ է, պարզապես այդ պատերազմը բռնկվեց հանկարծակի, դրա համար էլ նման խնդիրներ եղան։ Եթե, օրինակ, ինձ որևէ մեկը կասկածի այդ հարցում, ես կարող եմ հազար ու մի փաստ ու փաստաթուղթ ներկայացնել: Պատերազմում կռվող յուրաքանչյուր մարդ որևէ փաստաթուղթ հաստատ կունենա կամ թեկուզ լուսանկար ռազմի դաշտից, ոչ թե ֆոտոյում համեզգեստ հագնի լուսանկարվի»։
Աիդա Սերոբյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում նրան, որ որոշ քաղաքական գործիչներ հայտարարում են, թե մասնակցել են պատերազմին, սակայն իրականում չեն մասնակցել, նշեց, որ ծիծաղելի է, միևնույն ժամանակ ցավալի, որ մարդիկ սեփական ռեյտինգի համար կարող են նման հայտարարություններ անել: