Բարի օր 

Այսօր Հրաչյա Քոչարի ծննդյան օրն է

analitik.am

1910 թվականի հունվարի 19-ին ծնվել է Արևմտյան Հայաստանի Բագրևանդ գավառի Ղումլիբուջաղ գյուղում, որը գտնվում է Նպատ լեռան ստորոտին։ Գաղթի ճանապարհին մահացել է մայրը, 1918 թվականին՝ հայրը՝ հայտնի խմբապետ Քոչոն, ով կռվել է Անդրանիկի ջոկատում։ Փրկվելով թուրքերի կողմից իրականացրած կոտորածներից՝ համագյուղացիների հետ անցել է Արևելյան Հայաստան։ Եղել է գառնարած, հանքափոր Ալավերդու հանքերում։ Այնուհետև տեղափոխվել է Երևան, ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։

Առաջին պատմվածքը՝ «Խաջե», լույս է տեսել 1931 թվականին, «Նոր ուղի» ամսագրում։ 1934 թվականին խմբագրել է քրդերեն «Ռյա թազա» թերթը։ 1939 թվականին, կուսակցական տույժ ստանալուց հետո, մնացել է անաշխատանք, ապա Մարտիրոս Սարյանը նրան տեղավորել է իր ղեկավարած Պատմական հուշարձանների պահպանության կոմիտեում։ Ոտքով շրջել ու ուսումնասիրել է հայկական վանքերի ու մատուռների վիճակը, և այդ աշխատանքներն ամփոփել «Գորիսի և Սիսիանի շրջանների ալբոմ-ուղեցույցի» մեջ։ 1941-1945 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1942 թվականին լույս է տեսել «Հերոսների ծնունդը», իսկ մեկ տարի անց՝ «Նախօրյակին» պատերազմական ակնարկների և պատմվածքների ժողովածուները։ Ռազմաճակատային պատմվածքների մեջ առանձնանում է «Գեներալի քույրը» պատմվածքը, որն առաջին անգամ տպագրվել է 1945 թվականին, «Պրավդա» թերթում։ Հետագայում այս պատմվածքը թարգմանվել է աշխարհի 24 լեզուներով, ներառվել խորհրդահայ դասագրքերի ծրագրերում։ Ստեղծել է «Մեծ տան զավակները» երկհատոր վեպը։ Կյանքի վերջին տարիներին տպագրել է «Սպիտակ գիրքը», որում զետեղված «Նահապետը», «Կարոտը» և «Եփրատի կամրջին» վիպակները արձակագրի լավագույն գործերն են։

1946-1951 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր, 1954 թվականին՝ «Ոզնի» երգիծական հանդեսի խմբագիր։ Գրել է «Հյուսիսային ծիածան» (Հայֆիլմ, 1961) կինոնկարի սցենարը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերենև այլ լեզուներով։ Մահացել է Երևանում։

Նույն շարքից