Հասարակություն 

«Պետությունը պետք է հավասար մրցակցային դաշտ ապահովի աշխատաշուկայում. Գագիկ Մակարյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մկարյանն անդրադարձավ օրվա խորհրդին և ասաց, որ օրը շատ կարևոր է, և անհրաժեշտ է գիտակցել այս տոնի արժեքը: Նախկինում տոնի խորհուրդը ավելի մեծ էր, մարդիկ աշխատում էին, բավարարված էին իրենց աշխատանքից, հետևաբար հաճույքով  նշում էին, իսկ այսօր Հայաստանում կարծես օրը սիմվոլիկ է նշվում՝ որպես հերթական հանգստյան օր:


Անդրադառնալով մեր երկրում աշխատաշուկայի խնդիրներին՝ նա պարզաբանեց, որ ընդհանրապես ՀՀ աշխատաշուկան իր կառուցվածքով բավականին տարբերվում է և իր առանձնահատկություններն ունի: Առաջին հերթին չկա այն շունչը, որ կար ԽՍՀՄ տարիներին և դրա հիմնական պատճառը կայանում է նրանում, որ աշխատաշուկայի հիմք արդյունաբերական ձեռնարկությունները մեզ մոտ շատ քիչ են, իսկ եղածներն էլ  կենտրոնացած են հեռավոր մարզերում: Արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների թվաքանակը փոքր է՝ մոտ 400 հազար զբաղվածներ մասնավոր և պետական սեկտորում։


ՀՀ-ում գործազրկությունը պաշտոնական տվյալներով 17% է, չնայած իրականում դա ավելի բարձր է:


Մեր երկրում խոշոր բիզնեսը, որը պիտի ապահովեր աշխատաշուկայի մեծ մասը, դա չի անում՝ ապահովելով զբաղվածության շատ փոքր տոկոսը:  Զբաղվածության տեսանկյունից ամենամեծ բաժինը փոքր ձեռնարկություններին է, որոնք, սակայն, բյուջեում շատ փոքր ներդրում են ապահովում: Փոքր բիզնեսը երկու կարևոր խնդիր ունի՝ այն աշխատավորություն է ապահովում՝ այսօր մեր հանրապետությունում փոքր բիզնեսը ապահովում է 220  000 աշխատողի զբաղվածություն, իսկ 150 000-ն էլ աշխատում է պետական ոլորտում:


 Երկրորդ խնդիրը գործատու-աշխատող հարաբերություններն են. Այսօր  մենք չունենք հավասար մրցունակություն  և երբեմն, որպեսզի փոքր բիզնեսը գոյատևի, գործատուները դիմում են այլ ճանապարհների՝ ստվերային աշխատուժ, հարկերից խուսափում: Միաժամանակ, նա ավելացրեց, որ վերջին միջազգային վերլուծությունների համաձայն՝ ստվերային և իրական աշխատավարձերի տարբերությունը  ընդամենը 20% է, այսինքն այս ոլորտը այնքան էլ անբարեխիղճ չէ:


Մեր աշխատաշուկայի հաջորդ խնդիրը աշխատանքային պայմանագիր կնքելուց խուսափումն է, և դա երկկողմանի է, այսինքն աշխատանքային պայմանագիր կնքելուց խուսափում են և՛ գործատուները, և՛ աշխատողները: Գործատուները խուսափում են պայմանագիր կնքել՝ հարկերից խուսափելու համար, իսկ աշխատողներն էլ՝ աշխատավարձից հարկային պահումներ չունենալու համար և շատ դեպքերում չեն գիտակցում, որ աշխատանքային պայմանագիրը սոցիալական շատ խնդիրներ է լուծում՝ սոցիալական ապահովություն, աշխատանքային պայմաններ և այլն:


Աշխատաշուկային մյուս խնդիրը կուտակային կենսաթոշակների հետ է կապված. Գործատուների միության նախագահի կարծիքով՝ ՀՀ-ն դեռ պատրաստ չի կուտակային բարեփոխումներին, և ինքը հույս ունի, որ նոր կառավարությունը կկասեցնի կուտակային վճարների իրականացումը:


Պատասխանելով այն հարցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ այսօր գործատուները խուսափում են գրանցել աշխատողներին կամ գրանցում են ցածր աշխատավարձերով, նա պատասխանեց, որ դա ժամանակի խնդիր է և միանգամից հնարավոր չի լուծել և, միաժամանակ դա միայն գործատուի խնդիրը չի, աշխատողները իրենք պետք է պատրաստ լինեն կնքելու աշխատանքային պայմանագիր:


Գործատուն այսօր չունի հնարավորություն ավել հարկեր վճարելու, և դա պետության խնդիրն է, պետությունը պետք է  ստեղծի  հավասար պայմաններ, արդար մրցակցային դաշտ:


Պատասխանելով այն հարցին, թե արդյոք աշխատաշուկայում խնդիրների պատճառը մասնագիտությունների ոչ ճիշտ բաշխվածությունն է, նա պատասխանեց, որ այդպիսի խնդիր կա, կադրը ինքը այնպիսին պիտի լինի, որ աշխատաշուկայում իր պահանջարկն ունենա: «Չնայած կրթության ոլորտում անընդհատ բարեփոխումներին՝ մենք այդ ոլորտում մեծ խնդիր ունենք՝ կրթական հաստատություններն են շարունակում առաջարկ ձևավորել շուկայում, մինչդեռ աշխատաշուկան պետք է պահանջարկ սահմաներ, որից ելնելով ԲՈՒՀ-երը պատրաստեին մասնագետներ:

Նույն շարքից