Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբը հյուրընկալել էր «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանին և նույն կազմակերպության հանրային կապերի բաժնի ղեկավար Մարիաննա Չալիկյանին:
Բանախոսներն անդրադարձան ներառական հասարակության ոլորտում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Արմեն Ալավերդյանը կարևորեց մի հանգամանք. պետք չէ հաշմանդամություն ունեցողին «լավություն անել» կամ կարեկցանքով վերաբերվել, չէ՞ որ նրանք ևս հասարակության լիարժեք անդամներ են: Հարկավոր է նրանց վերաբերվել այնպես, ինչպես մյուսներին:
«Մոդայիկ ու ծեծված թեմայից կխոսեմ: Այսօր մարդիկ խոսում են հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման մասին: Բայց հիմա մենք ավելի լայն հորիզոններով ենք մտածում: 21-րդ դարում հարկավոր է խոսել ներառական հասարակության ստեղծման մասին, ոչ թե ինտեգրման: Սա պարզապես տերմին չէ: Գաղափարական մեծ տարբերություն կա ինտեգրման ու ներառականության միջև:
Այսօր մեր երկրում կա 200.000-ից ավելի հաշմանդամություն ունեցող մարդ: Այս թեման անմիջականորեն պիտի հետաքրքրի ամեն մի ընտանիքի: Մարդկանց մտածելակերպը կարծրատիպային է: Հաճախ նկատում ենք, որ որոշում կայացնողները հաշմանդամություն ունեցողի համար ինչ-որ բան անելիս դա որակում են որպես բարի կամքի դրսևորում կամ լավություն: Բայց այստեղ առկա է իրավունքի խնդիրը: Եթե կառուցվում է թեքահարթակ, ու բարի կամքից ելնելով են դա անում, ապա դրանք հաճախ չափանիշնեիին չեն համապատասխանում: Բայց եթե մի բան արվում է դոգմատիկ ու օրենքի տառին համապատասխան, ապա այդպիսի դեպքերում, սովորաբար, թերություններ չեն լինում», -նշեց Արմեն Ալավերդյանը:
Մարիաննա Չալիկյանը նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձի համար մեծ կարևորություն ունի զբաղվածության խնդրի հաղթահարումը:
«Մենք այս սոցիալական խմբի խնդիրների համար առաջարկում ենք լուծումներ: Յուրաքանչյուրի համար առաջարկում ենք գրականություն, ձեռնարկներ, խորհուրդներ ենք տալիս: Կան խտրականությանը վերաբերող ձեռնարկներ:
Պետք է ասեմ, որ խոսքը միայն հաշմանդամություն ունեցողներին վերաբերող խտրականությունը չէ: Ներառման ամենակարևոր միջոցներից մեկն աշխատանքն է: Երբ հաշմանդամ մարդը գնում է աշխատանքի, ֆինանսական անկախություն է ձեռք բերում, շփվում է մարդկանց հետ, դրա դրական ազդեցություն է ունենում վերջինիս վրա: Մեզ ասում են՝ առաջ՝ ԽՍՀՄ-ի ժամանակ, կար կույրերի համար նախատեսված գործարան: Բայց հիմա մենք առաջարկում ենք ներառական միջավայր, այսինքն՝ երբ հաշմանդամություն ունեցող աշխատում է մյուսների հետ ու չկա խտրականություն», - նշեց Մարիաննա Չալիկյանը:
Արմեն Ալավերդյանն անդրադարձավ նաև ներառական կրթության ոլորտում առկա խնդիրներին. «Ասում են՝ փակենք հատուկ դպրոցները, թող հաշմանդամություն ունեցողները ներառական դպրոց գնան: Բայց եթե երեխան կույր է, ինչպե՞ս գնա: Մեր երկիրն այժմ պատրաստ չէ այս նախագծին: Անշուշտ, վատ է, որ երեխան մեկուսացվում է, հատուկ դպրոց է գնում, բայց գոնե նա այդ դպրոցում հեռանկար ունի: Անկախ ամեն ինչից՝ մենք ձգտում ենք դեպի ներառականություն»:
Արմեն Ալավերդյանը մեծապես կարևորեց նաև այն խնդիրը, որ շինություն կառուցելիս պետք է հաշվի առնել դրա ունիվերսալ դիզայնը: Այսինքն՝ շենքը կառուցելիս հարկ է միանգամից կառուցել թեքահարթակներ և ստեղծել հարմարավոտություն:
Ըստ բանախոսի՝ դա թանկ հաճույք չէ. ընդամենը 3 տոկոսով են ծախսերն ավելանալու կամ գուցե չավելանան: Արմեն Ալավերդյանը գործատուներին հորդորեց չթերագնահատել հաշմանդամություն ունեցող անձանց:
«Մտավոր խնդիր ունեցող անձանցից քչերն են աշխատում: Օրինակ Վանաձորում կա մի ձեռնարկություն: Վատ է, որ նրանց այնտեղ հավաքել են առանձին: Բայց դրական կողմին էլ նայենք՝ մտավոր խնդիրներ ունեցողը տալիս է որալյալ արտադրանք: Նրանց կարող են մոտ ապագայում նկատել շուկայում:
Մի դրական տեղաշարժ պիտի արձանագրեմ. պետական հիմնարկներում աշխատատեղեր տրամադրվել են հաշմանդամություն ուեցողների համար: Իսկ մասնավորների դեպքում քվոտան փոքր է. 100 ախշատողների մեջ մեկ տոկոսն է հաշմանդամ: Բայց այդ դեպքում էլ, նրան ընդունել են, քանի որ նա լավ աշխատակից է, ոչ թե քվոտայից դրդված: Բայց օրենքը կա: Մենք կաշխատենք Զբաղվածության պետական գործակալության հետ: Մասնավորին պիտի ոչ թե պարտադրենք, այլ ապացուցենք, որ իսկապես հաշմանդմություն ունեցող աշխատանիցները չեն թերանում աշխատանքի հարցում: Մենք աշխատում ենք ստեղծել ինդիվիդուալ ու հետաքրքիր ծրագրեր:
Արդեն մեկնարկել է միս հայ 2016 հաշմանդամություն ունեցողների գեղեցկության մրցույթը: ֆեյսբուքում ընթանում բուռն քվեարկություն: Հետո առանձին մրցույթ կլինի՝ ժյուրիի անդամներով համալրված: Կրեատիվ ձևերով փորձում ենք կոտրել մեր հասարակության մեջ եղած կարծրատիպային մտածելակերպը: Պետք է ասեմ, որ հասարակությունը փոխվում է: Դրական առաջընթաց կա: Բայց մենք պետք է շարունակենք աշխատել ու մեր ուժերի ներածին չափով լուծում տալ այս ոլորտում առկա խնդիրներին», - եզրափակեց Արմեն Ալավերդյանը: