Հասարակություն 

«Վերջին զանգը» տոն է, բայց ոչ փուչիկի ու ծաղկի. Անահիտ Բախշյան

«Վերջին զանգին» մի փունջ ծաղիկ՝ այո՛, մնացածը պետք չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով «Վերջին զանգի» խորհրդին՝ ասաց Կրթության և գիտության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը:

Այդ օրը, նրա խոսքով, բոլորը՝ ուսուցիչներն իրենց հերթին, աշակերտներն՝ իրենց, անհամբեր սպասում են, թե ինչ պետք է ասեն իրենց մասին: «Ես օրինակ՝ սպասում էի, որ ինձ կնմանակեն»,- նկատեց երկար տարիներ Երևանի թիվ 27 դպրոցի նախկին տնօրենը՝ ամփոփելով թեման, թե այդ օրը ինչ է տեղի ունենում երեխայի, ծնողի ու ուսուցչի հետ:

Այդ օրը, նրա խոսքով, պետք է լինի տոն, բայց ոչ՝ փուչիկի ու ծաղկի, այլ այդ օրը երեխան իր համար պետք է ամփոփի իր դպրոցական կենսագրությունը, քանի որ դպրոցում յուրաքանչյուր երեխա, անկախ ատեստատում իր թվանշաններից, ինքնադրսևորման ճանապարհ է անցնում, որի ժամանակ ունենում է և՛ հաջողություններ, և՛ անհաջողություններ:

«Երեխան իր կենսագրությունն է սկսում հյուսել դպրոցում, և այն ավարտվում է «Վերջին զանգով», ու ամեն շրջանավարտ այդ դարակը փակում է: Ես կարող եմ ասել, թե երեխան այդ դարակում ինչ պիտի ունենա, ինչ պիտի ունենա ծնողը, ինչ պիտի ունենա մանկավարժը»,-ավելացրեց Անահիտ Բախշյանը:

«Ի՞նչ է ուզում ուսուցիչը այդ օրը լսել, թե ինչ հետք, ինչ հետագիծ է թողել երեխայի մեջ»,- ասաց նա։

Նա հիշեց, որ անկախացման առաջին տարիներին հետաքրքիր գաղափարներ էին ներդնում դպրոցում, և դրանցից մեկն էլ այլընտրանքային տոնածառն էր՝ այն ժամանակների համար զարմանալի մի բան: «Ինչից ասես տոնածառ չէին սարքել, իսկ դասարաններից մեկում, մի չար, սնդիկ տղա կար, իրեն էին սարքել տոնածառ, ես իրեն ասացի՝ «Եթե դու կարողանաս երկու ժամ հանգիստ կանգնել, ես քեզ տասնապատիկ շատ եմ սիրելու»,- պատմեց Անահիտ Բախշյանը:

Նույն շարքից