Չեխով «Շնիկով տիկինը»
Չեխովն իր ստեղծագործություններում առանձնահատուկ ուշադրության է արժանացնում մարդկային հոգու բարդ, հաճախ անկանխատեսելի շրջադարձերին, ուրույն տեղ հատկացնելով հատկապես սիրուն: Սերն անկասկած ամենալուսավոր և գեղեցիկ զգացմունքն է, սակայն շատ հաճախ հասարակությունն այն դնելով սահմանափակումների ու արգելքների մեջ` զգացմունքների այդ հզոր փոթորիկը տանում է դեպի ընտանեկան, առօրյա կյանք, որտեղ այն «օրինականացվում» է և դառնում ամենօրյա կյանքի ընդամենը մի փոքրիկ մասնիկ: Բայց ապրել առանց սիրո, կամ էլ սահմանափակումների մեջ դնել այդ կենսունակ, ազատ զգացմունքը, այնքան էլ հեշտ գործ չի: Ինչ-որ մի պահ քեզ տանջող ցավով սկսում ես զգալ քո իրական ու անիմաստ գոյությունը և սկսում է սարսափելի ձանձրալի թվալ այն կյանքը, որն ապրում ես միայն մի խղճուկ նպատակի համար` որպեսզի կյանքիդ վերջին օրերն անցկացնես խաղաղ ու երեխաներով շրջապատված անկողնում:
Չեխովի «Շնիկով տիկինը» ստեղծագործության հերոսներն ապրում էին հանգիստ և անխռով կյանքով, որն արդեն վաղուց կանխորոշվել էր` ստացել էր վերջնական տեսք, և ապագայում վերջիններիս խոստանում էր միայն դանդաղ ու հանդարտ ծերացում: Նրանց ձանձրալի կյանքում տեղ չունեին ուժեղ զգացմունքները, և ընդհանուր առմամբ ոչինչ տեղի չէր ունենում:
Պատվածքի հերոսների սիրային կապը սկզբում երկուսին էլ ինչ-որ մի պատահական և ժամանակավոր սիրավեպ էր թվում: Բայց և այնպես, այդ ամենը զգալի աշխուժություն է մտցնում նրանց ձանձրալի գոյության մեջ: Սակայն այդ թվացյալ, ոչինչ չպարտավորեցնող խաղն աստիճանաբար սկսում է վերափոխվել լուրջ զգացմունքների:
Բաժանման ժամանակ նրանք երկուսն էլ համոզված են, որ կհաղթահարեն իրենք իրենց և կմոռանան այդ ժամանակավոր և հաճելի սիրավեպը, բայց առաջացած զգացմունքներն ավելի ուժեղ են գտնվում:
Չեխովի մեծությունը կայանում է նրանում, որ նա հիանալի ձևով կարողանում է ցուցադրել ամենասովորական և ոչնչով աչքի չընկնող` «փոքրիկ» մարդկանց զգացմունքները: Վերջիններս չեն կարողանում հաղթահարել ոչ իրենց մեջ ապրող սերը, և ոչ էլ իրական կյանքը, և նրանց կապը հենց այդպես էլ սովորական կապ է մնում, քանզի նրանք ի վիճակի չեն ոչ վերջ դնել իրենց հարաբերություններին, և ոչ էլ օրինական կապի մեջ մտնել միմյանց հետ:
Չեխովը պատմվածքի վերջը թողնում է բաց` ցույց չի տալիս, թե ինչպես է նրա հերոսների սերն աստիճանաբար ընկղմվում խղճուկ առօրեականության ճահճի մեջ, բայց դա դժվար չէ կանխատեսել, քանզի ներկայացված պատմությունն այլ ելք ունենալ չէր կարող:
Կամ էլ կարող էր, եթե միայն նրանք այդքան թույլ չլինեին…