Այսօր՝ մինչև ժամը 18:00-ը, ՄԻՊ թեկնածուները պետք է համապատասխան փաստաթղթերը ներկայացնեին ՀՀ ԱԺ Պետաիրավական հանձնաժողով։ Արդյունքում՝ օմբուդսմենի 3 թեկնածու է առաջադրվել: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն առաջադրել է Արման Թաթոյանի, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ Զարուհի Փոստանջյանի, իսկ Տիգրան Ուրիխանյանը՝ Նարեկ Ալոյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ն առաջադրելու է իրենց կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մակար Եղիազարյանի թեկնածությունը: Բնականաբար, վերջինիս առաջադրողը պետք է Տիգրան Ուրիխանյանը լիներ։
Բայց այսօր տեղի ունեցած իրադարձությունները, փաստորեն, խառնեցին ԲՀԿ-ի խաղաքարտերը, քանի որ Ուրիխանյանն առաջադրեց ոչ թե Մակար Եղիազարյանի, այլ Նարեկ Ալոյանի թեկնածությունը։
Այսօր «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է ՝ «Պաշտոնապես հայտնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ եղել է քննարկում օմբուդսմենի թեկնածուների առաջադրման հարցի վերաբերյալ: Քննարկումները մինչ օրս շարունակվել են, իսկ պայմանավորվածություն, որ ԲՀԿ-ի թեկնածուին պետք է առաջադրի «Ալյանս»-ի ղեկավար Տիգրան Ուրիխանյանը՝ չի եղել: Ով պնդում է հակառակը՝ ստում է, ապացույցները պատրաստ ենք ներկայացնել»:
Վարդան Քոչարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Ալյանս»-ը ներկայացրել է իր թեկնածուին՝ այդ կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Նարեկ Ալոյանին։ Զրույցի ընթացքում Վարդան Քոչարյանը ևս մեկ անգամ նշեց, որ պայմանավորվածություն չի եղել ԲՀԿ-ի ու «Ալյանս»-ի ղեկավարի միջև այն մասին, թե Ուրիխանյանը պետք է ներկայացներ Մակար Եղիազարյանի թեկնածությունը։