Հայաստան Քաղաքական 

Չեխիայում ՀՀ դեսպանությունում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրական երեկո է կազմակերպվել

Պրահայում ՀՀ դեսպանությունը փետրվարի 6-ին կազմակերպել էր «Մեծ եղեռնին զոհ գնացած հայ գրողները» խորագրով գրական երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպանության ներկայացուցիչ Նունե Զաստուխովան: Նա մասնավորապես նշեց, որ գրեթե մեկ տարվա ընթացքում Չեխիայում 100-ամյա տարելիցին նվիված բազմաթիվ միջոցառումների շարքում հրամայական դարձավ առանձին ձեռնարկ կազմակերպել եղեռնազոհ հայ գրողներին և մտավորականներին: Ընթերցելով 1915թ-ին նահատակված 34 գրական գործիչների անունները, նա ներկայացրեց երեկոյի ծրագիր ը:

Միջոցառման բանախոսներն էին «Առավոտ» պարբերականի և «Գարուն» ամսագրի հատուկ թղթակից, լրագրող, հրապարակախոս Շուշան Ղազարյանը, Orer.eu կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը, Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցի ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանը և «Օրեր» եվրոպական անկախ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը: Նրանք ներկայացրեցին հայ նշանավոր գրող Գրիգոր Զոհրաբի, բանաստեղծ Ռուբեն Սևակի և Կոմիտաս վարդապետի կյանքը, ստեղծագործական ուղին և նրանց հոգևոր ու գրական ժառանգությունը:

Կոմիտասի թեման ամբողջացրեց Հակոբ Ասատրյանը, որը ներկաներին ծանոթացրեց և հետաքրքրական լուսանկարային շարքի միջոցով տեղափոխեց վերջերս Երևանում բացված Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ: «Օրեր»-ի գլխավոր խմբագիրը ծանոթացրեց նաև 2015թ.-ին Պրահայում հրատարակվող «Պլավ» գրական ամսագրի հատուկ թողարկմանը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության մասին հայ գրականությանը և գրական գործերի չեխերեն թարգմանությանը:

Նույն շարքից