Հայ-Իրանական հարաբերությունների զարգացումը նոր հարթություններ է տեղափոխվում կապված Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության հետ, ռուս-իրանական հարաբերությունների սերտացմամբ և Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմամբ, այս մասին այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ-ի Իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ Նվեր Դավթյանը:
Իրանագետի խոսքով՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո երկու երկրները կարող են ավելի անկաշկանդ կառուցել իրենց հարաբերությունները և դրա համար կան բոլոր հնարավորությունները:
«Ցավոք սրտի կային աշխատանքներ, որոնք պետք է կատարվեին մինչ այժմ, երկաթուղու կառուցում, գազատարի կառուցում, որը կապահովեր ամբողջ եվրասիական տնտեսական համագործակցության տարածքը»,-նշեց Ն. Դավթյանը և ավելացրեց,– «այդ աշխատանքները իրականացնելու քաղաքական կամք գոյություն ունի, սակայն ունենք ժամանակի առումով խնդիր»:
Անդրադառնալով Իրան-Հայաստան ապրանքաշրջանառությանը, Դավթյանը կարծիք հայտնեց, որ դրա համար լուրջ խոչընդոտ է հանդիսանում ճանապարհային հաղորդակցության բացակայությունը:
«Եթե մենք ժամանակին ստեղծած լինեինք երկաթուղի, ստեղծված լիներ միջազգային չափանիշներին համապատասխան մայրուղի, որը չէր սահմանափակի մեր բեռնատարների մուտքը մաքսիմում 40 տոննա, այս խնդիրները կլուծվեր, սակայն միայն պայմանագրեր կնքելով առանց գործնական քայլեր անելու նման հարցերը չեն լուծվում»,- նշեց Դավթյանը:
Բանախոսի կարծիքով, ի տարբերություն թուրքական ապրանքների, իրանականը ունի գնային անհավասար պայմաններ, չնայած որակական առավելությանը՝ Հայաստան-Իրան ապրանքաշրջանառությանը խոչընդոտում է նաև բանկային համակարգի հետ կապված խնդիրը: Հայաստանում իրանական բանկերից գործում է միայն մեկ բանկ, որով ողջ շրջանառությունն անհնար է անել:
«Ներկայիս կառավարության քաղաքական, իրավական, տնտեսական շանսերը մեծ են Իրանի հետ հարաբերություններ կառուցելու հարցում: Ինչպես նաև Իրանի հեղինակությունը տարածաշրջանում մեծացել է, կայունացել է իրանական Ռեալի կուրսը, որոնք առավելություներ են և տալու են իրենց արդյունքները»,- նշեց Դավթյանը:
Անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, իրանագետը նշեց, որ դեսպանն իր հայտարարությունում շատ ճիշտ էր նկատել, որ մենք բավականին մեծ վնաս ենք կրել այն դեպքում, երբ պետք է մեր հարևան պետության հետ ավելի սերտ համագործակցեինք, սակայն եթե Թուրքիայի հետ փակ սահմանների պայմաններում մեր ապրանքաշրջանառությունը կազմել է 200-230 միլիոն, ապա Իրանի հետ ապրանքաշրջանառության մաքսիմում ծավալները հասել են 300-350 միլիոն դոլար, որը կարող էր ավելի շատ լինել:
«Իրանը ունի ներքին տուրիզմի մեծ հոսք, սակայն պատժամիջոցների և պետության նկատմամբ նեգատիվ քարոզչության պատճառով տուրիզմի այն պոտենցիալը, որն ունի մեր հարևան երկիրը, չի օգտագործվում: Հայաստանից Իրան տուրիստական հոսքը ցածր է մի շարք պատճառներով, որոնցից է հիմնականում գնային առաջարկը »,- ասաց Դավթյանը եզրափակելով, որ բոլոր այն անձիք, ովքեր մասնագիտական, գործարար, կամ այլ պատճառով այցելել են Իրան շատ գոհ են մնացել, թե հյուրասիրությունից,և թե վարքից: