Հայաստանում այսօր օրեցօր շատանում են խաղալիքների խանութները՝ ինչպես բրենդային, այնպես էլ՝ ոչ բրենդային: Ու կարիք չկա հիշեցնելու, թե երեխայի առողջության համար որքան կարևոր է խաղալիքի՝ էկոլոգիապես մաքուր լինելը:
Մանկությունից երեխայի հիշության մեջ դաջվող ամենակարևոր առարկաները հենց խաղալիքներն են: Երեխան դրանք ընտրում է՝ ըստ գույնի, չափի և այլն: Ու նրա համար այս դեպքում առաջնայինը խաղալիքի տեսքն է: Բայց մասնագետներն ու փորձագետները պարբերաբար հիշեցնում են ծնողներին՝ կարևորը ոչ թե խաղալիքի տեսքն է, այլ՝ որակը: Իսկ ավելի կոնկրետ՝ անվտանգության չափանիշներին համապատասխանելը:
Հայաստանում վաճառվող խաղալիքների անվտանգության մասին աղմուկ բարձրացավ երկու տարի առաջ, երբ ներկայացվեցին «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ -ի ուսումնասիրության արդյունքները: Այդ ժամանակ նման ուսումնասիրություն կատարեց նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը:
Պարզվել էր, որ Հայաստանում վաճառվող խաղալիքների և նմուշառված 68 խաղալիքի մոտ 20%-ը պարունակում է առնվազն մեկ ծանր մետաղ, որի խտությունը գերազանցում է սահմանային թույլատրելի խտությունը: Նման ուսումնասիրություններ այսօր քիչ են կատարվում, բայց դատելով այն բանից, որ խանութներում կարելի է գնել բավականին էժան, սերտիֆիկատներ չունեցող, չմակնշված խաղալիքներ, կարելի է եզրակացնել, որ քիչ չեն այն խաղալիքները, որոնցում երեխայի առողջության համար վնասակար նյութեր կան:
Ինչի՞ կարող է հանգեցնել անվտանգության չափանիշներին չհամապատասխանող խաղալիքը
2012 թվականի ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ Հայաստանում վաճառվող խաղալիքների մի մասը ծանր քիմիական տարրեր են պարունակում՝ սնդիկ, մկնդեղ, կապար, և քրոմ: Այսինքն՝ խաղալիքները չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգի հիգիենիկ նորմերին եւ մեխանիկաֆիզիկական պահանջներին:
Մանկական բժիշկ Ամալյա Հարությունյանի խոսքով՝ ծանր մետաղները կուտակվելով երեխայի օրգանիզմում հետագայում առաջացնում են բարդություններ նրա առողջության համար՝ արյան, նյարդային համակարգի, ալերգիկ հիվանդություններ, երբեմն էլ՝ ուռուցքի պատճառ են դառնում: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ երեխան ծանր քիմիական տարրեր պարունակող խաղալիքները բերանն է դնում, կամ պարզապես երկար ժամանակ խաղում դրանով:
Բացի դա՝ խաղալիքները չպետք է պարունակեն շուտ պոկվող մազիկներ ու թելեր:
«Թանկից էժանը չկա … »
Էժան ու մեծ խաղալիքները թեև առաջին հայացքից հրապուրիչ են, սակայն վտանգավոր են: Գնի և չափսի համեմատությունն այս դեպքում ցույց է տալիս, որ էժան խաղալիքը պատրաստված է էժան նյութերից: Իսկ էժան նյութերի մեջ են մտնում նաև վերը նշված վտանգավոր քիմիական տարրերը: 2012-ին Հայաստանում ուսումնասիրություն իրականացնող ՀԿ-ի փորձագետները պարզել են, որ վնասակար նյութեր պարունակող խաղալիքների ավելի քան 90 տոկոսը հենց տոնավաճառներից գնված խաղալիքներն են, որոնք մի քանի անգամ էժան են, քան բրենդային խանութների խաղալիքները:
Դա է պատճառը, որ մասնագետները խորհուրդ են տալիս զերծ մնալ նման խաղալիքներից, 3-4 էժան խաղալիքի փոխարեն կարելի է գնել միայն մեկը, բայց՝ անվտանգը:
Համեմատության համար, օրինակ, Հայաստան ներմուծվող միջին չափի «Barbie»-ն, որն արտադրում է «Mattel» ընկերությունը, կարելի է գնել 10-15 հազար դրամով, բայց նույն չափի տիկնիկ կարելի է տոնավաճառից գնել, ասենք, 4-7 հազար դրամով: Առաջինի դեպքում կարելի է տեսնել մակնշումն ու բաղադրությունը, իսկ երկրորդի դեպքում՝ դա բացակայում է: Այստեղ ծնողն արդեն պետք է հաշվարկի, թե որն է իր երեխայի համար ավել նպատակահարմար՝ ավելի թանկն ու անվտանգը, թե՞ էժանն ու վտանգավորը…
Յուրաքանչյուր դեպքում՝ պետք է հիշել, որ երեխայի հետագա աճը կախված է նրա առողջությունից:
Պատրաստեց Լուսինե Բարսեղյանը