ԻՈՍԻՖ ԲՐՈԴՍԿԻ | Բանաստեղծի դատապարտումը
Սովետական երկրի առօրյա կյանքում դեպքեր էին կատարվում, իրադարձություններ էին տեղի ունենում, պատահարներ էին լինում, որոնք երկրի ու ռեժիմի, կյանքի ու իրականության մասին շատ ավելի բան էին ասում, քան կասեր բարեխղճորեն նկարագրող եւ վարպետորեն գրված որեւէ հաստափոր վեպ: Երկրում տեղի ունեցած հարյուր-հազարավոր «պատահական» պատահարներից մեկը բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու դատավարությունն է 1964 թվականին, ավելի ճիշտ՝ հաշվեհարդարը Իոսիֆ Բրոդսկու հետ:
Իոսիֆ Բրոդսկին (1940-1996) 20-րդ դարի մեծագույն բանաստեղծներից մեկն է, ետպաստեռնակյան շրջանի ռուս ամենամեծ բանաստեղծը, թարգմանիչ, էսսեիստ, բանաստեղծական մետր եւ ուսուցիչ, մի խոսքով՝ գրականության մեծ եւ հզոր դեմք: 1987-ին արժանացել է Նոբելյան մրցանակի, 1991-ին դարձել Ամերիկայի դափնեկիր-բանաստեղծ:
Եվ ահա, այն մարդուն, ով կարողացավ ռուսաց բանաստեղծական լեզվին նոր հարստություն տալ եւ նոր արտահայտչականություն հաղորդել, ով կարողացավ այդ լեզվի հարստության նոր ու աննախադեպ հնարավորությունները եւ մեծ կարողությունները բացահայտել, ով նոր բարձունքի հասցրեց ռուսական գրականության եւ ռուսական բանաստեղծության փառքը, ահա այդ մարդուն, բոլորովին երիտասարդ, հազիվ 21-22 տարեկան, ճզմում-ոչնչացնում է պետական հզոր մեքենան…
Երիտասարդ Բրոդսկին, շատ շատերի պես, անցնում է սովետական դժոխքի բոլոր պարունակներով… Առաջին ձերբակալությունը՝ 1961-ին… Հոգեբուժարան, բանտ, դաժան ծեծ ու ֆիզիկական խոշտանգումներ… Երկրորդ ձերբակալությունը՝ 1963-ին… Բայց Բրոդսկու մասին, իբրեւ տաղանդավոր բանաստեղծի, գիտեն, նրան ճանաչում են՝ նրա բանաստեղծությունները, մեքենագիր, Սամիզդատ-Ինքնահրատի միջոցով, տարածված են ամբողջ երկրով մեկ, նրա մասին խոսում են գրականության եւ մշակույթի ճանաչված ու տաղանդավոր մարդիկ, ու հիմա արդեն ռեժիմի տերերից այլ մոտեցում է պահանջվում. ի վերջո, երկրում մտավորականություն կար, այսինքն՝ կար հանրային կարծիք: Եվ Բրոդսկու անունը, կապելով Ալեքսանդր Ումանսկու եւ Օլեգ Շախմատովի անուններին, ռեժիմը կազմակերպում է Բրոդսկու դատավարությունը 1964 թվականի մարտին: Հետագայում` 1986-ին, Սոլոմոն Վոլկովի հետ ունեցած երկխոսությունների ընթացքում, այս մասին խոսելիս Բրոդսկին ասում է, որ վիթխարի դահլիճի կեսից ավելին ուսադրավոր մարդիկ էին եւ որ անգամ Նյուրնբերգյան դատավարությունը ներկայացնող կինոնկարում չի տեսել այդքան ուսադրավոր մարդ դահլիճում:
Իրերի բարեբախտ բերումով պահպանվել է այդ դաժան, անմարդկային դատավարության գրեթե ողջ ընթացքի գրառումը: Մի խիզախ ու շիտակ անձնավորություն՝ գրող եւ լրագրող Ֆրիդա Վիգդորովան (1915-1965), չնայած բոլոր տեսակի արգելքներին, սղագրել է դատավարության ընթացքը: Նրան, ի վերջո, հեռացրել են դահլիճից, եւ Բրոդսկին 1986-ին հիշում է, որ դատավարության ամենադրամատիկ մասերը չկան գրառման մեջ: Այնուամենայնիվ, այն, ինչ գրի է առել Ֆրիդա Վիգդորովան, ցնցող փաստաթուղթ է, պատմական փաստաթուղթ, որ կատարյալ ճշմարտությունն է ասում երկրի, ռեժիմի, իրականության ու մարդկանց մասին: Երբ կարդում ես այդ գրառումը, քեզ զգում ես ֆանտաստիկական իրականության կամ սյուրռեալիստական իրադրության մեջ, քեզ թվում է, թե քեզ են դատում, դու ես նստած մեղադրյալի աթոռին, այն էլ ոչ մի մեղք ու հանցանք չգործած, եւ քեզ վրա է դղրդալով գալիս պետական վիթխարի մեքենան՝ բուլդոզերի պես եւ տանկի նման:
Ամենից ցնցողը այսօր զարմանալիորեն ոչ թե Բրոդսկու ճակատագիրն է կամ նրա վիճակը դատարանի դահլիճում, այլ այն «պարզ» ու «հասարակ» մարդիկ՝ զանազան բանվորներ, փականագործներ, թոշակառուներ եւ այլն, որոնք ո՛չ կարդացել են եւ ո՛չ էլ ճանաչում են Բրոդսկուն եւ գրականության հետ կապ չունեն առհասարակ, ովքեր դատում եւ դատապարտում են բանաստեղծին: Այդ պլեբեյական-լյումպեն պրոլետարական զանգվածը յոթանասուն տարի այդպես է վարվել մտավորականության հետ: Նրանք են դատել ու դատապարտել բոլորին՝ Բլոկից ու Գումիլյովից սկսած մինչեւ Մանդելշտամ, Ցվետաեւա, Ախմատովա ու Պաստեռնակ, Գառնիկ Քալաշյանից սկսած մինչեւ Չարենց, Բակունց, Թոթովենց, Մահարի եւ մինչեւ Պարույր Սեւակ: Եվ ողբերգությունն այն է, որ այսօր էլ նրանք են կազմում մեր հասարակությունն ու ժողովուրդը: Սա մտածելու բան է:
Երկրորդ ցնցող երեւույթը, իհարկե, Գրողների միության ծախու եւ ծախված գրչակներն են, որ Բրոդսկիներին ոչնչացնելով, տեղ են բացում իրենց համար եւ առավել հաստատուն եւ մնայուն են դարձնում իրենց տեղը: Այս վոյեվոդիններից շատ են եղել, կային եւ, այսօր էլ կան, նաեւ հայ իրականության մեջ:
Եվ, վերջապես, սքանչելիորեն ապշեցնող է ռուս իսկական մտավորականության բարձր նկարագիրը՝ ի~նչ ազնվությամբ ու քաղաքացիական համարձակությամբ են տաղանդավոր բանաստեղծին ներկայացնում եւ պաշտպանում նշանավոր գրողներ, գրականագետներ Եֆիմ Էտկինդը, Վլադիմիր Ադմոնին, բանաստեղծուհի Գրուդինինան եւ տասնյակ ու տասնյակ այլ անձինք:
Այսօր, տասնյակ տարիներ անց, մեզ հետաքրքրական է, թե ի՞նչ են մտածել Բրոդսկուն տանջած, խոշտանգած, ի վերջո աքսորի դատապարտած մարդիկ, ովքեր Բրոդսկուն դատել են ձրիակերության եւ գրող չլինելու համար (համապատասխան տեղից բանաստեղծ լինելու մասի տեղեկանք չուներ), երբ Բրոդսկին հասավ համաշխարհային փառքի ու ճանաչման: Դատավոր Սավելեւան, զանազան սորոկինները դեռ հասկանալի են՝ սովետական ռեժիմի վճարվող կերբերոսներ, իսկ մյուսնե՞րը… Նրանք խղճի խայթ զգացե՞լ են, մեղքի եւ մեղավորության զգացում ունեցե՞լ են… Կամ նրանց զավակները բարոյական պատասխանատվություն զգացե՞լ են հայրերի համար: Դատելով ըստ Հայաստանի սավելեւաների, սորոկինների, վոյեվոդինների եւ մյուսների, իհարկե՝ ո՛չ եւ ամենեւին՝ ո՛չ: Սովետական «փայլուն» բանաձեւումը կա՝ նրանք (մենք) ինչ մեղավոր են (ենք), ժամանակն այդպիսին էր… Բայց նույն ժամանակի մեջ են Չարենցը, Բակունցը, Պաստեռնակը, Բրոդսկին եւ մյուս զոհերը, Նաիրի Զարյանը, Հրաչյա Քոչարը, Արտաշես Ոսկերչյանը, Սավելեւան, Լերները եւ մյուս դահիճները:
Այս փաստաթուղթը ժամանակին մեքենագիր շրջում էր մարդկաց մեջ իր գոյության օրերից: Այն հայտնի էր եւ տպագրվել էր արտասահմանում: Ռուսները առաջին անգամ հրապարակել են 1988 թվականի դեկտեմբերին: Այդ հրապարակման համար փոքրիկ նախաբան է գրել մի ուրիշ բարձր մտավորական՝ գրող, հրապարակախոս Լիդիա Չուկովսկայան (1907-1996): 1988 թվականն է, դեռ սովետական իշխանություն է, եւ Չուկովսկայան խոսում է ընդամենը սովետական բյուրոկրատիայի մասին՝ կատարվածի մեղքը գցելով նրա վրա… Այդ ժամանակ միայն այդքանը կարելի էր…
Բրոդսկու դատավարության գրառումը հայերեն հրապարակվում է առաջին անգամ: Թարգմանելիս ջանացել եմ պահպանել բնագրի յուրահատկությունները՝ առանձին վկաների խոսքի մակարդակը, գրագիտությունը եւ այլն: Հայերեն թվացյալ անհարթությունները գալիս են, ուրեմն, բնագրից:
Շատերին այս նյութը կարող է թվալ այլեւս ժամանակավրեպ, չէ՞ որ խորհրդային երկիրը պաշտոնապես այլեւս գոյություն չունի: Բայց եկեք պարզ ու հստակ նայենք կյանքին: Շա՞տ բան է փոխվել մեր կյանքում՝ դատարա՞նը, դատավորնե՞րը, հասարակությո՞ւնը, հանրությունը հիմա բարձր ու ազնիվ անհատների՞ց է բաղկացած, գրականության ու մշակույթի հանդեպ պետական վերաբերմո՞ւնքն է փոխվել դեպի լավը… Հանրային կարծիքը, մամուլի ձայնը շան տեղ դնող կա՞, եթե հատուկենտ մտավորականների խոսքը համարենք հանրային կարծիք: Իսկ կա՞ այսօր իրոք հանրային կարծիք, ո՞ւր անհետացան այդ եղած-չեղած մտավորականությունն ու հանրային կարծիքը… Կամ՝ ո՞վ անհետացրեց, ո՞ւմ էր ձեռնտու: Արդարությունը, ազնվությունն ու ճշմարտությունը հաղթանակե՞լ են, ամենուր օրենքն ու օրինականությո՞ւնն են իշխում…
Այնպես որ, այնուամենայնիվ, արժե կարդալ այս փաստաթուղթը, որ ստիպում է լավ տեսնել եւ գլուխն առնելով ափերի մեջ` մտածել շատ բաների մասին…