Բարի օր 

Գաբրիել Գարսիա Մարկես․ Պոեզիա բոլորի համար

analitik.am

Անցյալ տարի իմ մտերիմ ընկերներից մեկի կրտսեր աղջկան գրականության մի ուսուցիչ հայտնել էր, թե ավարտական քննությունը լինելու է «Հարյուր տարվա մենության» շուրջ: Աղջիկը վախեցել էր, որովհետև ոչ միայն չէր կարդացել գիրքը, այլ նաև դեռ ուրիշ, ավելի լուրջ առարկաներից պետք է քննություն հանձներ:
Բարեբախտաբար, նրա հայրն ուներ գրական ծանրակշիռ գիտելիքներ ու բանաստեղծական զգացողություն, ինչպես ոչ ոք, և աղջկա հետ այնքան եռանդուն պարապեց, որ սա քննության ներկայացավ գիտելիքներով թերևս ավելի լավ զինված, քան որևէ դասատու: Սակայն դասատուն տվեց մի անսպասելի հարց. ի՞նչ է նշանակում շրջված տառը «Հարյուր տարվա մենության» վերնագրում: Այդ վերաբերում է Բուենոս Այրեսի հրատարակությանը, որի շապիկը Վինսենտե Ռոխոն նկարազարդել էր` վերնագրի մի տառը շրջված, որովհետև այդպես էր հուշել նրա ազատ ու բարձր երևակայությունը: Աղջիկը, պարզ է, չի իմացել` ինչ պատասխանի: Երբ այդ մասին պատմեցի Վինսենտե Ռոխոյին, նա ասաց, որ ինքը նույնպես չէր կարողանա պատասխանել: Այդ նույն տարի իմ որդի Գոնսալոն պետք է պատասխաներ գրականության մի հարցաթերթիկի, որը մշակվել էր Լոնդոնում` ընդունելության քննության համար: Հարցերից մեկը վերաբերում էր աքաղաղի սիմվոլիկային «Գնդապետին ոչ ոք նամակ չի գրում» գրքից: Գոնսալոն, որ շատ լավ գիտեր մեր տան ոճը, այսպես պատասխանեց. «Դա ոսկեձվիկ աքաղաղ էր»:
Ավելի ուշ իմացանք, որ ամենաբարձր գնահատական ստացող աշակերտը պատասխանել էր այնպես, ինչպես իրեն սովորեցրել էր իր ուսուցիչը, որ գնդապետի աքաղաղը ճնշված ժողովրդի խորհրդանիշ է: Այդ իմանալով` ես մեկ անգամ ևս ուրախացա իմ քաղաքական երջանիկ աստղով, քանզի ավարտը, որ ես պատկերացրել էի այդ գրքի համար, կայանում էր իր աքլորի վիզը ոլորելու և նրանից մի լավ ապուր պատրաստելու մեջ:
Տարիներ շարունակ ես հավաքում եմ այդ մարգարիտները, որոնցով գրականության վատ դասատուները փչացնում են երեխաներին: Ես գիտեմ մի շատ բարեխիղճ ուսուցչի, որը համարում էր, որ անմարդկային, կոպիտ ու ագահ տատը, որ շահագործում էր միամիտ Էրենդիրային` իր պարտքը մարելու համար, կապիտալիզմի անհագուրդության խորհրդանիշն է: Մի կաթոլիկ պրոֆեսոր ուսուցանում էր, որ չքնաղ Ռեմեդիոսի երկինք բարձրանալը կույս Մարիամի մարմնի ու հոգու համբարձման բանաստեղծական փոխակերպումն է: Մեկ ուրիշը լավ դասընթաց կարդաց Հերբերտի` իմ պատմվածքներից մեկի հերոսի մասին, որը լուծում էր բոլորի հարցերը և փող էր բաժանում շռայլորեն: «Դա աստծո հիասքանչ այլաբանությունն է»,- ասաց պրոֆեսորը: Բարսելոնցի երկու քննադատ ինձ զարմացրին այն հայտնագործությամբ, թե «Նահապետի աշունը. նույն կառուցվածքն ունի, ինչ Բելլա Բարտոկի երկրորդ կոնցերտը դաշնամուրի համար: Դա ինձ շատ ուրախացրեց, որովհետև հիացմունք եմ տածում Բելլա Բարտոկի, մանավանդ նրա այդ գործի հանդեպ: Սակայն այդ երկու քննադատի բերած զուգահեռը դեռ չեմ կարողանում ըմբռնել: Հավանայի բանասիրական ֆակուլտետի մի դասախոս ժամեր էր նվիրել «Հարյուր տարվա մենության» վերլուծությանը և եկել էր միաժամանակ հաճելի և ճնշող այն եզրակացությանը, որ գիրքը ոչ մի լուծում չի պարունակում: Դա ինձ վերջնականապես համոզեց, որ մեկնաբանման մոլուցքը ժամանակի ընթացքում դառնում է հորինվածքի մի նոր ձև, որը երբեմն հասնում է հիմարության:
Ես պետք է լինեի բավականին պարզամիտ ընթերցող, որ երբեք չմտածեի, թե վիպասանները ուզում են ասել ավելին, քան ասում են: Երբ Ֆրանց Կաֆկան ասում է, որ Գրեգուար Սամսան առավոտյան արթնացել է` փոխակերպված հսկա միջատի, ես չեմ կարծում, որ դա ինչ- որ բանի խորհրդանիշն է: Եթե կա մի բան, որ ինձ իսկապես հետաքրքրել է, այն է, թե դա ինչ տեսակ կենդանի կարող է լինել:
Հավատում եմ, որ իրոք եղել է ժամանակ, երբ գորգերը թռել են, և ջիները բանտված են եղել շշերի մեջ: Հավատում եմ, որ Բաաղամի էշը խոսել է, ինչպես ասում է Ավետարանը, և միայն մի բան եմ ափսոսում, որ չեն ձայնագրել նրան. և կարծում եմ, որ Հեսունավեն ավերել է Երիքովի պատերը, իր շեփորների զորությամբ, և ափսոսում, որ չեն գրառել նրա ավերիչ երաժշտությունը: Հավատում եմ, ի վերջո, որ Սերվանտեսի Վիդրիերա անունով ուսանողը իրոք գտնվել է բաժակում, ինչպես ինքն էր կարծում` խելագարության մեջ, և իրոք հավատում Գարգանտյուայի զվարճալի ճշմարտությանը, որն առատորեն թրջում էր Փարիզի տաճարները: Ավելին, ես հավատում եմ, որ նման այլ հրաշքներ շարունակվում են կատարվել, ու եթե մենք չենք տեսնում դրանք, ապա դա մեծ մասամբ բացատրվում է նրանով, որ խանգարում է այն խավարամոլ ռացիոնալիզմը, որ մեր գլուխը մտցրել են գրականության վատ ուսուցիչները:
Ես մեծ հարգանք ու սեր եմ տածում ուսուցչի մասնագիտության նկատմամբ, նաև տանջվում եմ` տեսնելով, որ նրանք հավասարապես զոհ են դառնում դասավանդման մի համակարգի, որ նրանց ստիպում է հիմարություններ դուրս տալ:

Ինձ համար անմոռանալի մարդկանցից մեկն այն ուսուցչուհին էր, որ ինձ կարդալ սովորեցրեց հինգ տարեկան հասակում։

Դա գեղեցիկ ու խելոք աղջիկ էր, որ չէր հավակնում իմանալ ավելին, քան կարող էր ու, բացի այդ, այնքան երիտասարդ էր, որ ժամանակի ընթացքում դարձավ ավելի փոքր, քան ես: Նա էր, որ դասարանում մեզ համար կարդաց առաջին բանաստեղծությունները, որոնք ընդմիշտ թունավորեցին իմ ուղեղը: Նույն երախտագիտությամբ հիշում եմ միջնակարգ դպրոցի գրականության ուսուցչիս, համեստ ու խոհեմ մի մարդու, որը մեզ առաջնորդում էր հետաքրքիր գրքերի լաբիրինթոսով, առանց հատուկ մեկնաբանումների: Այդ մեթոդը թույլ էր տալիս նրա աշակերտներին ավելի ազատ ու ինքնուրույն մասնակցել պոեզիայի հրաշքին: Մի խոսքով, գրականության դասընթացը երբեք չպետք է լինի ոչ այլ ինչ, քան ընթերցանության լավ ուղեցույց:
Յուրաքանչյուր այլ հավակնություն ծառայում է միայն երեխաներին ահաբեկելուն: Այստեղ ես հավատում եմ հնարագիտությանը:

Թարգմ. Հակոբ Սիմոնյանի

Սկզբնաղբյուր՝ hovikcharkhchyan.wordpress

 

 

Նույն շարքից