Պայծառակերպության տոնի ժամանակ ժողովրդական սովորություններից է միմյանց վրա ջուր ցողելը և աղավնիներ բաց թողնելը: Հնում ջուրը խորհրդանշել է մաքրության, բերրիության միջոց և ըստ այդմ, եղել է պաշտամունքային առարկա: Այն գործածվել է հմայության ու գուշակության ժամանակ, ինչպես նաև ծառայել է որպես դևերին ու չար ոգիներին հեռացնելու միջոց:
Իրար վրա ջուր ցողելը, աղավնիներ բաց թողնելը խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Այն հնում կապվել է Աստղիկի պաշտամունքի հետ, քանի որ արևելքում Աստղիկը ճանաչվում էր Նոյի դուստր: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչը Աստվածորդու փառքի երևման առիթով մեծ ուրախության արտահայտությունն է: Տոնը հայտնի է նաև Վարդավառ ժողովրդական անունով: Այն հավանաբար գալիս է միմյանց վրա վարդաջուր սրսկելու սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջուր սրսկելու սովորությամբ:
Վարդավառի ժամանակ կատակով միմյանց վրա ջուր լցնելը, սակայն, ուղղակի խաղեր չէին, այլ այս տոնի հանդիսավոր արարողությունը, որն ուղղակի անհրաժեշտություն էր: Միմյանց ջրում էին բոլորը, չկային սեռատարիքային սահմանափակումներ, և հաշվի չէր առնվում մասնակցի ազգացական կամ սոցիալական կարգավիճակը: Այդ օրը սկեսուրի վրա նույնիսկ չխոսկան հարսն էր համարձակվում ջուր լցնել կամ քավորի վրա սանամայրը, և ոչ ոք վիրավորվելու իրավունք չուներ:
Վարդավառի տոնակատարությունը ուղեկցվում էր և այժմ էլ մասամբ ուղեկցվում է դեպի սրբավայրեր ժողովրդական ուխտագնացությամբ և խրախճանքներով: Տվյալ երևույթը թեև դասվում է հին հեթանոսական սովորույթների շարքում, բայց այն կարող էր ունենալ նաև ավետարանական հիմքեր: Հայտնի է, օրինակ` համաժողովրդական ուխտագնացությամբ էր ուղեկցվում Վարդավառը Տարոնում: Ժողովուրդն ուխտի էր գնում Մշո Ս. Կարապետ վանքը, իսկ այլ տեղերում` այլ վանքեր: Հայաստանի տարբեր շրջաներում ժողովուրդը ուխտագնացության է մեկնում սրբավայրեր, լեռների վրա կառուցված եկեղեցիները:
Նազարյան Արաքս