Այս տոնի զբոսախնջույքները գերադասելի էր կազմակերպել ջրերի ակունքնեում,սարերում, աղբյուրների մոտ, որտեղ էլ կատարվում էին Վարդավառի զոհաբերությունները: Վարդավառյան մատաղի ծեսերը զանգվածային խնջույքների յուրատեսակ հանդիսություններ էին: Մատաղից բաժին էին հանում համայնքի բոլոր ընտանիքներին, այդ թվում` աղքատներին: Ուխտավորները օրերով մնում էին այս սրբավայրերում, ուր կազմակերպում էին ամենատարբեր միջոցառումներ` խաղեր, ըմբշամարտեր, փահլեվանների ելույթներ, ձիարշավեր, տոնավաճառներ և այլն:
Վարդավառը Քաբուսիեում ու Խդըբեկում յուրահատուկ կերպով էր նշվում: Քաբուսիեում երեխաներն իրար վրա ջուր ցանելով էին բավարարվում: Մյուս կողմից ընտանիքներն իրար հետ նախօրոք պայմանավորվում էին Ս. Մարտիրոսի վանքը բարձրանալու ու այնտեղ մատաղ կատարելու համար: Ժողովուրդն այդտեղ էր դիմում շաբաթ երեկոյից: Ինքնըստինքյան հասկանալի էր, որ գիշերը երգ ու պարով էին լուսացնում: Հարիսան և այլ համադամ կերակուրները /մսով/ մինչև առավոտ եփվում էին: Պատարագի քահանան ընդհանուր կարգով վանքի դռնից օրհնում էր մատաղն ու մատաղակերներին, և ամեն մարդ <<սեղան>> էր նստում:
Հետադարձի ճանապարհին ժողովրդի մեծ մասն այցելում էր նույնանման Ս. Մարտիրոս կոչվող փոքրիկ քարայր-սրբատեղին, որտեղից բխում էր մի շատ փոքր ջրակ, որը դառնում էր առվակ: Ուխտաորներն այդ ջրից խմում էին, ինչ-որ աղոթք մրմնջում, ապա թփերի ճյուղերից կախում գույնզգույն ծվեներ, թելեր:
Հայոց վարդավառյան հանդիսությունները երբեմն հիշեցնում էին նավասարդյան հնամենի տոնահանդեսները: Ականատեսների վկայությամբ, օրինակ` Դերսիմի, Կաթնաղբյուրի մոտ կատարվող արարողություններում, եթե չլինեին մատաղացուի աղ օրհնելու և խաչակնքելու ծեսերն ու սովորությունները, ապա այն տպավաորությունն էր, թե <<քրիստոնեությունը տեղ էր տվել հեթանոսությանը>>: Ի դեպ, Տավուշում, սկսած 19-րդ դարի վերջից առ այսօր, դեռևս գոյատևում է տոնի առավել ավանդական-պահպանողական նկարագիրը, ուր նույնիսկ անցյալում գրեթե բացակայում էին դերսիմյան Վարդավառի հետ կապված վերոհիշյալ քրիստոնեական հատկանիշները:
Նոր Նախիջևանի գյուղերում մատաղին մասնակցում էր հասարակությունը: Ամեն մի գյուղ ուներ շատ խոշոր կաթսաներ, որոնցում կարող էին եփվել մեկ կամ երկու եզ: Ուխտի համար ամեն գյուղ իր միջոցներով գնում էր մի կամ երկու եզ, մի քանի ոչխար: Եկեղեցում մատաղացուներն օրհնել տալուց հետո տանում էին գյուղական կառավարության բակը և մորթում: Ամբողջ գիշերը լիազորված անձիք եփում էին մատաղի միսը: Մատաղի համար բոլոր գյուղացիները հավաքում էին հաց, բլղուր, աղ և աթար: Մատաղն ուտելուց հետո, կեսօրին սկսվում էր տղաների ըմբշամարտը: Հաղթողն այն ըմբիշն էր, որը առնվազն երեք հոգու կհաղթեր: Հաղթողին տրվում էր մատաղացու կենդանու գլուխը, որն ուտում էին նույն օրն ընկերներով:
Գամիրքում ավելի ընդունված էր ուլերի զոհաբերությունը, որ կատրավում էր բոլոր ընտանիքներում: Վարդավառը այստեղ մորթվող ուլերի առատության պատճառով ողլագ ղռան /ուլի կոտորած/ էր կոչվում: Մարաշում շաբաթ երեկոյան աղբյուներն էին գնում, գիշերն այնտեղ էին մնում` ջրերի շատանալուն ականատես լինելու համար: Առավոտյան վաղ կանայք լվացվում էին Ս. Կարապետ անունը կրող աղբյուրում:
Անգեղակոթցիների մոտ մատաղացու գառանն ընտրում էին տոնից մի քանի օր առաջ: Գյուղացիները նշանակալից մասը տոնական օրն անցկացնում էին բացօթյա` Ս. Վարդան զորավարին նվիրված սրբավայրի մոտ, մյուսներն էլ` տանը: Առավոտյան մատաղացուին մի քանի հոգով տանում են սրբավայր, մոմ վառում, ականջը կտրում, ապա տանում տուն` մորթելու: Մատաղացուի ոսկորները հորում են, որպեսզի ոտքի կոխան չդառնան: Վերջին տարիներին` հոգևորականները օրհնված աղ են բաժանում` մատաղացուին ուտեցնելու համար: Շատերը մատաղի միսը յոթական կտորով բաժանում են յոթ ընտանիքի, ոմանք էլ կարևորում են ոչ թե մսի կտորների և ընտանիքների քանակը, այլ մատաղ տալու երևույթը և ելնելով իրենց հյուրերի թվից` բաժանում են ըստ իրենց հայեցողության: Վերցնողն ասում է` մատաղն ընդունելի լինի և ափսեն դատարկելով` վերադարձնում:
Սպանդարյանում մատաղից բացի, ընդունված է եղել սրբավայրից ջուր և մի բուռ հող տանել տուն, որպեսզի վրան մոմ վառի:
Մատաղի միսը չպիտի մնա հաջորդ օրվա համար: Անգեղակոթում մատաղը տալիս են հատկապես այն ընտանիքներին, որոնց հետ գժտվել են և դա հաշտվելու լավագույն առիթ էր:
Ակունք գյուղում, մատաղի նպատակով առանձնացված գառան վրա որևէ նշան է արվում` ականջն են կտրում, վրան ներկով նշան անում կամ վզին ժապավեն կապում: Կենդանու մորթին չեն խուզում, քանի որ մորթին պահպանում է ցրտից, անձրևից, կարկուտից, մատաղացուի նկատմամբ շատ ուշադիր են լինում: Գյուղում պահպանված է հնուց եկող այն ավանդույթը, որ անկախ այն բանից, թե Վարդավառը որտեղ են նշվում` գյուղում, սարում թե սրբավայրում, մատաղացուն վաղ առավոտյան տանում են սրբավայր, երեք կամ յոթ անգամ աջից ձախ ուղղությամբ պտտեցնում սրբի շուրջ, օրհնված աղ տալիս: Եթե իրենց հետ մոմ են տարած լինում, նախքան մատաղացուի վիզը կտրելը, ապա սրբավայրում մոմ են վառում` Աստծուց խնդրելով, որ իրենց մատաղն ընդունելի լինի:
Երբեմն, երիտասարդները վանք բարձրանալիս գառան հետ նաև աքլոր են տարել, յոթ անգամ պտտացրել վանքի շուրջը, վիզը կտրել և ուղարկել գյուղում մնացած տանեցիներին, որպեսզի նա էլ այդ օրվա մատաղից անմասն չմնան:
Ակունքում երբեմն միսը հում են բաժանում, որպեսզի հարևանը եփի իր նախընտրած կերակուրը: Մատաղը տալուց ասում են նպատակը, իսկ վերադարձնողը պատասխանում է ընդունելի լինի, առ Աստված հասնի: Ափսեն վերադարձնում են քաղցրեղենով և հիմնականում աղ ու հացով, <<որպեսզի այդ տանից աղն ու հացն անպակաս լինի>>, իսկ երբեմն էլ` դատարկ: Մատաղի ափսեները պետք է անլվա վերադարձնել, որպեսզի մատաղ անողը բոլորը միասին լվանա և ջուրը լցնի մաքուր տեղում` աղբյուրի մեջ կամ ծառի բնին:
Վարդենիսում երբեմն աղավնի են մատաղ անում: Աղավնուն տանում են սրբավայր, ոտքի մոտից մի փոքր կտրում, որպեսզի սրբավայրի տարածքում արյուն հանեն և թողնեն:
Նազարյան Արաքս