Այսօր Վարդավառի տոնն է կամ Քրիստոսի Պայծառակերպության օրը: Վարդավառի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից։ Այս ժամանակ Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Քրիստոնեության ընդունիմից հետո տոնը չմոռացվեց, այն սկսեցին կապել Քրիստոսի Պայծառակերպության հետ: Միմյանց վրա ջուր ցողելու սովորությունը մինչև այսօր չի մոռացվել։ Տոնի խորհրդանիշներն են օծված վարդերը և վարդաջուրը, որով ցողելով` Աստղիկ դիցուհին սեր է պարգևում մարդկանց: Աստղիկը հայոց սիրո և գեղեցկության աստվածուհին էր, Վահագնի սիրելին: Վահագնի և Աստղիկի ամուսնությունը սրբազան էր համարվում: Նրանց ամուսնությունն անձրև էր բերում, բարիք էր բերում մարդկանց, շանթ ու կայծակ էր թափվում երկրի վրա, որ խորհրդանշում էր տիեզերքի երկունքը: Աստղիկի տաճարներ Հայաստանում ամենուր կային, բայց գլխավորը Աշտիշատինն էր և Վանա լճի ափին գտնվող Արտամետի տաճարը:
Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո: Հայ եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:
Վարդավառի տոնին Հայաստանի բոլոր քաղաքներում ու գյուղերում կհանդիպես երեխաների, պատանիների ինչպես նաև մեծահասկների, ովքեր ջրով լի դույլերն ու թասերը սպառնալից ճոճելով` «զոհ» են փնտրում ջրելու համար: Այսօրվա չարաճճիություններից ոչ ոք իրավունք չունի նեղանալու կամ դժգոհելու:
Իսկ ինչու՞ է տոնը կոչվում Վարդավառ: Եկեղեցու բացատրությունն այն է, թե տոնն այդպես է կոչվում այն բանի համար, որ համեմատվում է վարդի կոկոնի հետ: Մինչև դրա բացվելը չենք իմանում, թե ինչ գույն ու տեսք է ունենալու այն: Այդպիսին է նաև Հիսուս Քրիստոսը: Նա բարձրացել Թաբոր լեռան վրա և իր ամենօրյա աղոթքների շնորհիվ լուսավոր կերպարանք առել՝ բացահայտելով իր աստվածային փառքը: Դրան ականատես են եղել Ս. Պետրոս, Ս. Հովհաննես և Ս. Հակոբոս առաքյալները: Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթեոս (17: 1-13), Մարկոս (9: 1-12) և Ղուկաս (9: 28-36) ավետարանիչները. «Եվ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը, և նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը: Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ: Պետրոսը պատասխան տվեց և ասաց Հիսուսին. «Տեր, լավ է, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք, մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»: Եվ մինչ նա դեռ խոսում էր, ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ ու ասաց. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրան լսեցեք»: Երբ աշակերտներն այս լսեցին, իրենց երեսի վրա ընկան և սաստիկ վախեցան: Եվ Հիսուս, մոտենալով, դիպավ նրանց ու ասաց. «Ոտքի ելեք և մի վախեցեք: Նրանք աչքները բարձրացրին և Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան» (Մատթ. 17: 2-8):
Իսկ միմյանց վրա ջուր ցողելու սովորությունը եկեղեցին կապում է Նոյի ջրհեղեղի հիշատակման հետ:
Կա նաև տեսակետ, թե այս Վարդավառ անվանումը կապ չունի վարդ բառի հետ: Ասում են՝ այն հնդկական ծագում ունի, նշանակում է ջուր ցողել և կապված է բերքահավաքի շրջանի հետ: Պարունակում էր ջրի ու բնության պաշտամունք: Կապվում է Նար և Աստղիկ աստվածությունների հետ:
Ինչպես են նշել Վարդավառը: Դեռևս խորհրդային տարիներից առաջ Վարդավառի տոնը Հայաստանում մեծ շուքով է նշվել՝ տոնական ծառերից մինչև աղավնիներ բաց թողնելով: Վարդավառը նաև խնձորի տոն է եղել: Այն երբեմն անվանում էր «խնձորի պաս»: Տարվա առաջին խնձորն ուտում էին հենց Վարդավառին: Շաբաթ երեկոյան երիտասարդները դեզեր էին վառում և ո կրակի շեղջի մեջ խնձոր էին խորովում: Տարվա առաջին խնձորը հենց Վարդավառին էին ուտում: Խնձորը համարվել և համարվում է բեղմանվորման սկիզբը:
Վարդավառին նվիրված բազմաթիվ երգեր էին երգվում՝ մեկը մեկից գեղեցիկ ու զրնգուն: Մարդիկ այդ օրը ուխտ են գնացել սարերը, ուր գետերի ու աղբյուրների ակունքներն են եղել: Հենց դրանց մոտ էլ տոնախմբություններն են կատարվել:
Վարդավառը նաև աղջիկ ընտրելու տոն է համարվել: Այս տոնի ժամանակ կատարվող, արարողությունների ժամանակ հաճախ էին պսակադրություններն ու նշանդրեքները: