Բարի օր 

Փետրվարի 24-ին ծնվել է նշանավոր ճարտարագետ և գործարար Սթիվ Ջոբսը

analitik.am

Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել է 1955թ. փետրվարի 24-ին Կալիֆորնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում:

Ջոբսի մայրը` Ջոան Քերոլ Շիբլը, իր մեկ շաբաթական որդուն հանձնել է դաստիարակության Փոլ և Կլարա Ջոբսերի ընտանիքին:

Դպրոցում տղան հետաքրքրվում էր էլեկտրական սարքավորումներով: Հենց դպրոցում էլ նա ծանոթացել է իր ապագա գործընկերոջ` Սթիվ Վոզնյակի հետ: Դպրոցն ավարտելուց հետո`1972թ., Սթիվ Ջոբսն ընդունվում է Օրեգոն նահանգի Ռիդի քոլեջը, սակայն առաջին կիսամյակից հետո ինքնակամ դուրս է գալիս:

Որոշ ժամանակ անց նա սկսում է վայելչագրության կուրսերի հաճախել, ինչի շնորհիվ հետագայում "Mac OS" համակարգը վերազինում է տառաչափերի մեծացման հնարավորությամբ: Այնուհետև Ջոբսն սկսում է աշխատել համակարգչային խաղեր մշակող "Atari" ընկերությունում: 1976 թվականին Ջոբսն իր դպրոցական ընկերոջ` Սթիվ Վոզնյակի հետ հիմնադրում է "Apple" ընկերությունը, որն զբաղվում է սեփական դիզայնի և նախագծի հիման վրա համակարգիչների արտադրությամբ: "Apple"-ի նորույթների հիմնական մշակողը Վոզնյակն էր, իսկ Ջոբսն զբաղվում էր մարքետինգային հարցերով:

Սթիվ Ջոբսի և Սթիվ Վոզնյակի առաջին անձնական համակարգիչը "Apple I"-ն էր, որն արժեր 666 դոլար 66 ցենտ: "Apple I"-ն ու ավելի ուշ թողարկված "Apple II"-ն իրենց ստեղծողներին մեծ հաջողություն բերեցին: "IPO"-ով բորսա դուրս գալուց հետո` 1980 թվականին, Ջոբսը դարձավ միլիոնատեր: 1985 թվականին՝ ընկերության նախագահների խորհրդի հետ պայքարում իշխանությունը կորցնելուց հետո, Ջոբսը հեռացավ ընկերությունից և հիմնադրեց համակարգչային "NeXT" ընկերությունը: 12 տարի անց նա վերադարձավ "Apple"` որպես ժամանակավոր գործադիր տնօրեն: 1997թ.-ին նա միացրեց ընկերությունները:

Վերջին տասնամյակում "iPod" նվագարկիչների, "iPhone" սմարթֆոնների և "iPad" պլանշետների շնորհիվ ընկերությունը կարողացավ արագորեն ընդլայնել ազդեցության գոտիները: Տեխնոլոգիական նորույթները թողարկման պահից մինչ օրս չեն դադարում վաճառքի նորանոր ռեկորդներ սահմանել: 1986 թվականին Ջոբսը դարձավ "The Graphics Group" ընկերության սեփականատերը: Ընկերությունն այնուհետև անվանվեց "Pixar": Շուտով նա ձեռք բերեց նաև "Lucasfilm" կինոստուդիան` դրա համար վճարելով 5 միլիոն դոլար` չնայած այն կրկնակի թանկ էր գնահատվում: Սթիվ Ջոբսի ղեկավարման օրոք "Pixar"-ը թողակել է այնպիսի մուլֆիլմեր, ինչպիսիք են «Խաղալիքների պատմությունը» և «Հրեշների կորպորացիան»: 2006 թվականին "Pixar"-ի բաժնետոմսերը 7,4 միլիարդ դոլարով գնեց "Walt Disney"-ը: Ջոբսը մնաց "Disney"-ի տնօրենների խորհրդում: Նա դարձավ ընկերության ամենամեծ բաժնետեր-ֆիզիկական անձը`ստանալով ստուդիայի բաժնետոմսերի 7%-ը: Հարկ է նշել, որ "Apple"-ը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում գործադիր տնօրենի՝ աշխարհում ամենահամեստ վարձատրությամբ:

Ջոբսի աշխատավարձը պաշտոնապես սահմանված էր տարեկան 1 դոլար: Որպես խրախուսանք` Ջոբսը "Apple"-ից ստացել է 43,5 միլիոն դոլար արժողությամբ "Gulfstream" օդանավը: Օդանավի բոլոր ծախսերն ընկերությունն իր վրա էր վերցրել: 2003 թվականի աշնանը Սթիվ Ջոբսի որովայնի հետազոտման ժամանակ բժիշկները հայտնաբերեցին ենթաստամոքսային գեղձի ուռուցք, որը ենթակա էր վիրահատության: 2009 թվականին Ջոբսը Շվեյցարիայում ենթարկվեց լյարդի փոխպատվաստման:

2011 թվականի հունվարի 17-ին ընկերության գործադիր տնօրենն առողջական խնդիրների պատճառով հերթական արձակուրդը վերցրեց: Oգոստոսին Ջոբսը հայտարարեց լիազորությունները վայր դնելու մասին: 2011թ. հոկտեմբերի 5-ին կյանքի 56-րդ տարում մահացավ "Apple" ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը: Աշխարհի մեծագույն գործարարներից մեկին այդպես էլ չհաջողվեց հաղթահարել քաղցկեղը, որը տարիներ շարունակ հյուծել էր նրա օրգանիզմը:

Նույն շարքից