Բարի օր 

Մեծ պահքի 18-րդ օր

analitik.am

Անառակ որդու կիրակիի խորհրդով մենք առաջնորդվում ենք դեպի Մեծ պահքի հաջորդ հանգրվանը` մեզ համար ճանապարհին բացահայտելով Աստծուն: Այսօրվա առաքելական թուղթն ուղղակի օգնում է մեզ ճանաչելու Քրիստոսի սերը, ամրանալու ներքնապես, «այնպես, որ, ձեր հավատի միջոցով, Քրիստոս բնակվի ձեր սրտերում, և դուք սիրո մեջ արմատավորված ու հաստատված լինեք» (3.17): Պողոս առաքյալը թելադրում է մեզ ճանաչել Քրիստոսի սերը, որպեսզի լցվենք «Աստծու լրիվ ամբողջությամբ»: Լցվել Աստծու ամբողջությամբ ավելին է, քան սոսկ գլուխը թափահարելը ի նշան համաձայնության կամ մտքով ընկալելը գրվածը և առիթի դեպքում ցուցադրելը, թե հիշում ենք այդ մասին: Այն աննկարագրելի բերկրալի մի ապրում է, որը վեր է և´ մտքի ըմբռնումներից, և´ հոգու ապրումներից, և´ սրտի զգացողություններից. այն իրապես ամբողջությամբ իբրև անոթ լցնում է ձեզ աստվածային կատարյալ ներկայությամբ և անէացնելով ձեր կամքը` ձեր կյանքի խորհուրդներն ուղղում միմիայն աստվածահաճո ճանապարհներով:

Միայն Քրիստոսի ճանաչողությունը, ընկալումը Նրա սիրո դրսևորման, որ է քավչարար ու փրկչական մարմնավորումը, մահը ու հրաշափառ հարությունը, կարող է հավատացյալներիս իրականում համակել Աստծու ամբողջությամբ:

Տերը, ինչպես անառակ որդու հայրը, սիրով սպասում է յուրաքանչյուրիս` պատրաստ վերականգնել մեզ մեր դրախտային իշխանության և աստվածտեսության իրավունքի մեջ: Սակայն երանական այդ շնորհը վերագտնելու համար մենք պարտավոր ենք զղջմամբ ու ապաշխարությամբ դառնալ դեպի Նա և ասել` ների´ր, մեղանչեցի Քո և երկնքի առջև: Սերն Ինքը խոնարհվեց երկնքից և զոհաբերվեց, որպեսզի մարդը կարողանա այդ Սիրով լցվելով բարձրանալ:

Ուրեմն, ինչպես առաքյալն է խրատում մեզ, մեր կոչմանը վայել ընթանանք` կատարյալ խոնարհությամբ, հեզությամբ և համբերությամբ և անսպառ լցվենք Աստծու ամբողջությամբ:

Քաղված է Տ. Վահրամ քահանա Մելիքյանի

«Օրվա խորհուրդը (Մեծ պահքի ամենօրյա խորհդրածություններ)» գրքից

Նույն շարքից