Հասարակություն 

«Հայաստանի իշխանությունն ուրանում է եզդիների ցեղասպանությունը»

Նախախորհրդարանը խորը ցավով ու վրդովմունքով արձանագրում է, որ ինչպես 100 տարի առաջ տեղի ունեցած հայերի եւ նրա բախտակից այլ ժողովուրդների ցեղասպանությունը, այնպես էլ այսօր տեղի ունեցող եզդիների ու քրիստոնյաների (ասորիների, արամեացիների եւ մյուսների) ցեղասպանությունը չի կանխվում, իսկ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում:


Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Սակայն եթե 100 տարի առաջ այս ժողովուրդները պետություն չեն ունեցել, ապա այսօր նրանցից մեկը՝ հայերը, պետականորեն ներկայացված են ՄԱԿ-ում: Ուստի ներկայիս հայկական պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել հայության հետ միասին նույն ճակատագիրը կիսած, մի զգալի մասով իր տարածքում ապրող եւ իր քաղաքացիությունը կրող եզդի եւ ասորի ժողովուրդների կյանքի իրավունքը ՄԱԿ-ում բարձրացնելու եւ հնարավոր միջազգային աջակցություն ապահովելու նպատակով:


Մինչդեռ կառավարող վարչախումբը մեր եղբայր եւ հայրենակից այս ժողովուրդների՝ մեզ հետ միասին Մեծ Եղեռն, Սարդարապատ եւ Արցախյան հերոսամարտ անցած եզդիների, ինչպես նաեւ ասորիների ճակատագրի նկատմամբ ցուցաբերում է բացարձակ անտարբեր ու արհամարհական վերաբերմունք: Ավելին՝ կառավարության շենքի դիմաց իրենց կյանքի իրավունքը բարձրաձայնող եզդիների նկատմամբ կիրառում է բռնի ուժ, ինչը հավասարապես ստորացուցիչ է մեր երկու ժողովուրդների համար:


Նման վարքագիծը ինչպես հայությանը, այնպես էլ եզդիներին, ասորիներին ու Հայաստանում բնակվող մյուս ազգային փոքրամասնություններին հուշում է, որ վարչախումբը ոչ միայն իշխանություն է յուրացրել  ու չի ներկայացնում իր քաղաքացիներին, ոչ միայն ապազգային է ու հանցավոր, այլեւ անմարդկային:


Նրա վարքագիծը նաեւ հուշում է, որ վարչախումբն ըստ էության ուրանում է մեզ բախտակից մյուս ժողովուրդների, այդ թվում՝ եզդիների ու ասորիների ցեղասպանությունների փաստերը եւ դրանով իսկ՝ հայությանը նույնպես մատնում է նույնպիսի վտանգի, ինչպես նաեւ զուգահեռաբար իմաստազրկում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նշումը:


Տարրական տրամաբանության տեսակետից ակնհայտ է, որ եթե գրեթե նույն տարածքում նույն ձեռագրով սպանում են նախկինում համատեղ սպանդի ենթարկված ժողովուրդների մի մասին, ուրեմն մյուսին եւս նույն վտանգն է սպառնում: Հատկապես, որ այս ամենը տեղի է ունենում Հայաստանի սահմանից ոչ մեծ հեռավորության վրա՝ տարածաշրջանային իրավիճակի ծավալվող ապակայունացման պայմաներում:


Ուստի հայերը եւ մեր երկրում բնակվող եզդիներն ու ասորիները, ինչպես նաեւ այլ ազգային փոքրամասնությունները, ի թիվս այլ պատճառների, նաեւ իրենց կյանքի իրավունքը երաշխավորելու նպատակով կարիք ունեն օր առաջ համախմբվելու, ազգուրաց եւ անմարդկային վարչախմբին հեռացնելու եւ Հայաստանում իրենց կամքն ու շահերը ներկայացնող պետական կառավարման համակարգ ձեւավորելու համար:


Նախախորհրդարանն իր զորակցությունն է հայտնում եզդի եւ ասորի հինավուրց ժողովուրդներին, իսկ ցեղասպանի հետ լռելյայն համաձայնող վարչախմբին հիշեցնում է, որ մեր ժողովուրդները ոչ միայն չեն մոռանալու նրա դավաճանական ու հանցավոր գործերը, այլեւ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի շեմին միասնաբար հատուցում են ստանալու դրա համար»:

Նույն շարքից