Համացանցում է հայտնվել «Փրկե՛ք Ֆրանսիայի Հայկական թանգարանը» վերնագրով մի հրապարակում, որն ավելի շուտ ահազանգի է նման: Հրապարակման հեղինակները Հայկական թանգարանի կողմից ստեղծված հանձնաժողովի անդամներն են, որոնք խնդրում են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին «հարգել իր կողմից ստանձնած պարտավորությունները տվյալ մշակութային ժառանգության հանդեպ և վերաբացել Հայկական թանգարանը»:
Հրապարակումից տեղեկանում ենք, որ 1953 թվականին Փարիզում բացված Հայկական թանգարանը «կործանման եզրին է»: Պարզվում է, 2011 թվականի օգոստոսին թանգարանի զբաղեցրած փարիզյան առանձնատան վերանորոգման աշխատանքների պատրվակով Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունը առաջարկել է Հայկական թանգարանին ժամանակավորապես ազատել իր ցուցասրահները` հավաստիացնելով, որ աշխատանքների ավարտից հետո՝ 2012 թվականի մայիսին, այն նույնությամբ կվերադարձվի իր նախնական վայրը։ Սակայն շենքի վերանորոգման ավարտից հետո Հայկական թանգարանի վերադարձն արգելվել է: Թանգարանը դիմել է պետական համապատասխան ատյաններին, հորդորել նախարարությանը կատարել իր պարտավորությունները, սակայն, անարդյունք։
«2014թ շենքում միտումնավոր փոխվել են փականները։ Ներկա դրությամբ Հայկական թանգարան մուտք գործելն անհնար է, ոչ ոք չգիտի, թե ինչ ճակատագրի է արժանացել ներսում մնացած հավաքածուի մի մասը», - ասվում է հրապարակման մեջ: Մշակութային այդ ժառանգությունն ունի 3 000 տարվա պատմություն և ընդգրկում է Մեծ Եղեռնը վերապրածների շուրջ 1200 արվեստի գործ:
«Ֆրանսիայի Հայկական թանգարանը Հայ Ժողովրդի ճակատագրի վկաներից մեկն է։ Այսօր մշակութային այդ ժառանգությունը անհետանում է։ Նրա լուռ գերեզմանափորը իշխանությունն է, որն, ի դեպ, պատրաստվում է 2015 թվականին՝ Մեծ Եղեռնի հարյուրամյակին, հարգանքի տուրք մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին», - նշում են հեղինակները:
Հ.Գ. Եթե նույնիսկ հասկանալի է Ֆրանսիայի իշխանությունների լռությունը, ապա բացարձակ անհասկանալի է հայ համայնքի լռությունն ու անտարբերությունն առհասարակ: Ո՞ւր մնացին հայրենասիրական ճառասացները: Ախր հայկական սուրբ նշխարներ են ձեռքից գնում… Եթե դուք, որ սրտացավն ու հարազատն եք, բայց լռում եք, ապա էլ ի՞նչ պահանջես օտարից…
Կարդացեք թերթի այսօրվա համարում: