Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած եռյակի հանրահավաքից հետո մայրաքաղաքի սիրտը անճանաչելի էր դարձել: Այն լցված էր աղբով, կեղտոտված ու «ճմռթված» էր: Պարզ երևում էր, որ Օպերայի շենքի պատերը հանրահավաքի մասնակիցների համար ծառայել են որպես սեղան, քանի որ այնտեղ էին դեռ մնացել դատարկ ջրի, գարեջրի, հյութի շշեր, ծխախոտի դատարկ տուփեր, մաստակ, հաց, կեղտոտ անձեռոցիկ, արևածաղիկի մնացորդներ: Հանրահավաքից հետո, երբ գնացի ազատության հրապարակ, առաջին բանը, որ մտքովս անցավ «Ի՞նչ մնաց հանրահավաքից»-ն էր:
Իսկապես, եթե մարդը սիրում է իր երկիրը, սիրում իր մայրաքաղաքը և դուրս է եկել այն կործանող ու ավերող վարչակազմի դեմ, ինչպե՞ս կարող է այդպես վարվել իր իսկ մայրաքաղաքի հետ: Չէ՞ որ հենց այդտեղից է սկսվում հայրենասիրությունը: Եթե սիրում ես ինչ-որ բան, ապա հոգ ես տանում վերջինիս համար և ամեն կերպ փորձում քիչ փչացնել այն:
Սակայն, այսօրվա հանրահավաքից հետո Ազատության հրապարակի ավերված պատկերը, ինչպես նաև արևածաղիկ որոճացող երիտասարդ հեղափոխականների աննպատակ հայացքները տեսնելուց հետո կարելի էր միայն եզրակացնել, որ այսօրվա հանրահավքը նույնպես այն հերթական անիմաստ հավաքներից էր, որոնք շատ անգամներ տեղի էին ունեցել՝ նորից նույն վայրում: Խնդիրն այլ բանում է. որոշ երևանաբնակներ ու մարզերի բնակիչներ պետք է իշխանությունների փոփոխությունը սկսեն հենց իրենց վարքագծի փոփոխությունից և, իրենց ներքին ու վայրենի էության կեղտը քսելով Երևանիս դեմքին, չփորձեն ավիրել մեզ համար այդքան գեղեցիկ մայրաքաղաքի հիասքանչ տեսքը: Ժողովուրդ, մաքրվիր, որ մաքրես....
Հ.Գ. շնորհավորում եմ բոլորիս համար սիրելի մայրաքաղաքի տոնը: