Հասարակություն գլխավոր 

Սահմանամերձ գյուղերի խնդիրներով

Առողջությանս վատթարացման պատճառով երկու ամիս է վերջակետ էի դրել «բարության ձեռագրին»: Ժողովրդի հանդեպ ունեցած մեծ սերն ու հայ բարերարների նկատմամբ խոնարհումը, արթնության զանգի նման, կրկին ինձ տարան ազգի համախմբման այդ կարևոր անհատական ներդրումների ոլորտին՝ փոքր ինչ ուշադրության արժանացնելու ներքին հրամայականով:

Բարերարների գոյությունը պետության ներսում, մանավանդ շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար օդ ու ջրի նման անհրաժեշտ է, որովհետև Հայաստանը ողջ հայ ազգի սրտի զարկերակն է: Որպեսզի ազգն իր հայրենիքն ունենա, կարողանա պաշտպանել իր լեզուն ու ավանդույթները, մեր պայմաններում, անհրաժեշտ է ամուր պահել հայոց պետական սահմանները:

Մենք ունենք ազգ-բանակի վերածվելու մեծ փորձ, սակայն, հաճախ պահի կարևորությունը գնահատելով, մոռանում ենք վաղվա օրվա պատասխանատվությունը:

Բերեմ մեկ օրինակ. մեկ անգամ ինքս զինվորականների հետ բարձրացանք նախիջևանյան սահմանային հայկական հենակետերից մեկը: Այնտեղից հեռադիտակով նայեցինք մեր երախտամոռ հարևանի՝ իրենց սահմանի մոտ կառուցած Հեյդարաբադ անունով նոր գյուղին: Որպես գրողի, չկարողացա լռել, այս մասին հրապարակեցի «Գրական թերթում»:

Գյուղը նման էր հզոր բերդի: Այսինքն, խելք չունենալով հանդերձ այնքան խելացի են, որ սահմանային գյուղերը վերածում են պաշտպանական բերդերի: Երբեմն թշնամուց էլ բան ունենք սովորելու... Սահմանային գյուղերը վերակառուցելու, շենացնելու, հզորացնելու, արտագաղթը կանխելու փոխարեն, թե որտեղ և ինչի վրա են ներդրումներ անում երկրիս մեծահարուստները, ես չգիտեմ, սակայն այն, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Հայաստանի պետական սահմանի երկայնքով, կարիքի մեջ գտնվող Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում և մի քանի տասնյակ սահմանամերձ գյուղերում կարիքավոր հայ գյուղացիների համար տուն է կառուցում, նշանակում է, որ հայ բարեգործության առաջին ծիծեռնակը հիմնավոր բույն է դրել սահմանամերձ գյուղերի կիսավեր եկեղեցիների գմբեթներին:

Միայն մեկ ուղղությամբ չէ սիրելի հայորդու՝ Ռալֆ Յիրիկյանի մտահոգությունը. փողոցային լուսավորություն, խմելու ջուր, մանկապարտեզների ջեռուցում, մարզադահլիճների վերանորոգում, «Ոսկե ծիրան» կինոփառատոն, կարիքավոր ընտանիքների օգնություն, արվեստ ու կրթություն, «Հայաստանի պատանեկան նվաճումներ», «WEB Ծիրան» համահայկական առցանց կինոփառատոն... բոլորն էլ շատ կարևոր են, սակայն ամենաանհրաժեշտը հայոց պետական սահմանների ամրությունն է՝ նոր ու հզոր հարակից հայկական գյուղերով, որոնք կդառնան անփոխարինելի պաշտպանական հենակետեր: Մեկ տուն կառուցել, նշանակում է գյուղում արմատակալել մեկ ընտանիք: Թող, որ օրինակդ ոչ թե նախանձի, այլ Հայաստան աշխարհի հզորացմանն զորավիգ դառնա, սիրելի Ռալֆ:

Ռուզան Ասատրյան Գրող, հրապարակախոս

Նույն շարքից