Ռազմական Հասարակություն 

Արտասահմանյան ԶԼՄ-ները հավասարակշռություն պահեցին. Փորձագետ

«Այսօրվա հրադադարը, ինչպես 1994 թվականի դեպքում էր, դեռ չի նշանակում, որ ռազմական գործողությունները դադարեցված են, ուղղակի այս պահին ավելի քիչ են կրակում ու հրետակոծում»,-այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ հավելելով, որ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո էլ, ինչպես արդեն ԼՂՀ ՊԲ-ն հայտնել է, տեղ-տեղ կրակոցներ են հնչում:

Ինչ վերաբերում է տեղեկատվական պատերազմին, ապա Վրթանեսյանի խոսքերով, ադրբեջանիցները որոշ գործողություններ էին նախապատրաստել, գործում էր հոծ բանակ, որում կային ինչպես «ֆեյքեր», այնպես էլ իրական մարդիկ, որոնք հիմնականում Ադրբեջանում իշխող կուսակցության երիտթևի ներկայացուցիչներն էին. «Ամեն դեպքում մեկ բան պետք է հստակ հասկանալ՝ անկախ իրավիճակից (պատերազմական գործողություններ կան, թե՝ ոչ), տեղեկատվական գործողությունները միշտ շարունակվում է, լինում են նաև հաքերային հարձակումներ և այլն»:

Դաշտում առկա վտանգների մասին խոսելիս՝ փորձագետը նշեց, որ այս անգամ հակառակորդն ավելի շատ աշխատեց ոչ թե հայկական կողմին ապատեղեկատվություն մատուցելու ուղղությամբ, այլ՝ սեփական ժողովրդի վրա. «Մարդկանց համոզում էին, թե ադրբեջանական բանակը շատ լուրջ ձեռքբերումներ ունի, իսկ մյուս կողմից թաքցնում սեփական զոհերի իրական թիվը: Այսօր ադրբեջանական պաշտոնական թվերով հակառակորդը 31 զոհ ունի, և սա այն դեպքում, որ մենք արդեն 47 զոհի անուն ունենք: Մեծ ուշադրություն էին դարձրել նաև այն մարդկանց ինֆորմացիան չեզոքացնելուն, ովքեր սոցցացներում գրառումներ էին անում իրենց իմացած զոհերի մասին: Նման մարդկանց ուղղակի հայ էին անվանում ու վերջ»:

Վրթանեսյանի կարծիքով, ադրբեջանական կողմը որոշակի աշխատանք էր տարել նաև միջազգային ԶԼՄ-ների հետ, որպեսզի նրանց միջոցով միջազգային հանրությանը հասցներ այն ինֆորմացիան, որը Բաքվին է պետք. «Հնարավոր է, որ սկզբնական շրջանում դա նրանց հաջողվեց, սակայն ավելի ուշ ամեն ինչ կարգավորվեց: Պետք է խոսել նաև CNN-ի ռեպորտաժի մասին, որի ընթացքում խոսվեց Ալիևների ընտանիքի կոռուպցիոն սկանդալի մասին, և ԼՂՀ ԱԳ նախարարը ներկայացվեց Արդբեջանի ԱԳ նախարարին հավասար գործիչ, ինչը Բաքվում երկար ժամանակ ծանր են տանելու»:

«Հայկական կողմի մասով ասեմ, որ ԶԼՄ-ների և անհատների մասնակցությամբ տեղի ունեցավ հաջող մոբիլիզացում, աշխատանքներ տարվեցին տարբեր ուղղություններով և ընդհանուր առմամբ հաջողվեց աշխարհին հասցնել մեր տեսակետը»,-հավելեց քննարկման հյուրը:

Քննարկման հյուրերից մեդիափորձագետ Միքայել Յալանուզյանն, իր հերթին խոսելով արտասահմանյան ԶԼՄ-ների անդրադարձի մասին, նշեց, որ ռազմական գործողությունների առաջին օրվա առաջին կեսին ադրբեջանական լրահոսը շատ չէր հայտնվում միջազգային հարթակներում. «Հնարավոր է, որ այդ ԶԼՄ-ներն ինչ-որ հրահանգի էին սպասում, թե ինչպես ներկայացնել իրավիճակը: Իսկ այդ ընթացքում նույն այդ լրատվամիջոցներն ինֆորմացիա ստանում էին հայկական աղբյուրներից: Շատ կարևոր է նաև, որ ինֆորմացիայի աղբյուրը ԼՂՀ պաշտոնական կառույցներն էին և ուղղակի հղում էին անում դրանց: Ամեն դեպքում արտասահմանյան ԶԼՄ-ները պահեցին հավասարակշռություն»:

«Երկրորդ փուլում արդեն մեծ թվով արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներ ժամանեցին Արցախ, անվտանգության նորմերը պահպանելով եղան հրետակոծված վայրերում, պատրաստեցին տեսանյութեր՝ տեղում լուսաբանելով իրադարձությունները: Ադրբեջանական ԶԼՄ-ների մասով ասեմ, որ նրանց մոտեցումները վաղուց են հայտնի: Նախ խուճապ առաջացնելու համար սկսեցին գրել, որ Ստեփանակերտից ու Ասկերանից մարդիկ փախչում են և որպես «ապացույց» հրապարակեցին այլ միջադեպերի լուսանկարներ, ապա սկսեցին մեր զոհերի և խփված զինտեխնիկայի լուսանկարները տարածել՝ նպատակ ունենալով հոգեբանական ճնշում գործադրել:

Պետք է հասկանալ, որ ռազմական գործողությունների նման սրացման դեպքում մարդկանց հոգեկանի վրա ազդելու փորձեր միշտ էլ լինում են: Ուղղակի պետք է ինֆորմացիան ճշտվի պաշտոնական աղբյուրներից, իսկ խուճապի մատնվել պետք չէ: Հայկական լրատվական դաշտը հիմնականում պրոֆեսիոնալ աշխատեց: Նույնը կասեի նաև սոցիալական ցանցերի օգտատերերի մասին, հիմնականում ճշգրտված ինֆորմացիա էր մատուցվում, իհարկե եղան նաև բացասական օրինակներ»,-ասաց քննարկման հյուրը:

Նույն շարքից