Քաղաքական Միջազգային 

ՀԱՊԿ-ը քանդելու հայտ Ղազախստանի կողմից

Ասիայում փոխգործակցության և վստահության հարցերի խորհրդի արտգործնախարարների հավաքի ժամանակ Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովը հայտարարել է, որ Ասիայում անհրաժեշտ է ստեղծել անվտանգության և զարգացման կազմակերպություն:

«Մենք պետք է խոստովանենք, որ չնայած անվտանգության ապահովման համար միջազգային հանրության ձեռնարկած միջոցներին, մարտահրավերներն ու սպառնալիքները, ցավոք, չեն պակասում, այլ աճում են։ Ակնհայտ է որ անհրաժեշտ է համատեղ համապարփակ միջոցներ ձեռնարկել, որոնք կկարողանան շրջադարձ կատարել բացասական միտումներում։ Մենք հավատում ենք, որ կարող ենք հասնել դրան մեխանիզմներ ստեղծելու միջոցով և Ասիայում անվտանգության և զարգացման կազմակերպություն ստեղծել», ասել է Իդրիսովը։

Ասիայում փոխգործակցության և վստահության հարցերի խորհուրդը ստեղծվել է Ղազախստանի նախաձեռնությամբ: Դրան անդամակցում է Ասիայում տարածքային ներկայություն ունեցող 26 պետություն, այդ թվում Ռուսաստանն ու Ադրբեջանը: Ղազախստանը նաև ՀԱՊԿ անդամ է: Փաստացի, Աստանան ակնարկում է անվտանգության դաշինքը փոխելու մասին: Ընդ որում, այդ ակնարկն անսպասելի չէ: Բանն այն է, որ ՀԱՊԿ-ում անխոս առաջատար է Ռուսաստանը, այդ կազմակերպությունը խոշոր հաշվով ծառայում է ռուսական շահերին, և անդամները պարբերաբար ստիպված են լինում կանգնել դրան առնչվող մարտահրավերների առաջ: Իսկ Ռուսաստանը ներկայում դիմակայության մեջ է Արևմուտքի հետ և ձգտում է ընդդեմ իր մեկուսացման արևմտյան քաղաքականության հակադրել ՀԱՊԿ-ը:Եթե դա պետք է Ռուսաստանին, ապա Ղազախստանին դա բոլորովին պետք չէ, քանի որ Աստանան ունի լիովին այլ շահեր ու պատկերացումներ:

Եվ ահա Նազարբաևը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ ստեղծել Ասիայի անվտանգության կազմակերպություն: Գրեթե կասկած չկա, որ եթե այդ նախաձեռնությունը հաջողվի, ապա Աստանան վաղ թե ուշ կվերանայի իր անդամությունը ՀԱՊԿ-ին, քանի որ ՀԱՊԿ-ն Աստանային ոչ միայն պետք չէ, այլ նույնիսկ խանգարում է:Դրա վառ օրինակ կամ դրևւորում է մասնավորապես Արցախի հակամարտությունը և Հայաստանի ու Ադրբեջանի գործնականում պատերազմական հարաբերությունը:

Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ադրբեջանը՝ ոչ: Ղազախստանը դաշինքային պարտավորություն ունի Հայաստանի հանդեպ, բայց հանդիսանում է Ադրբեջանի իրական դաշնակիցն ու շահընկերը:Հայաստանի և Արցախի դեմ Բաքվի ագրեսիվ քայլերը Ղազախստանին դնում են դե յուրե և դե ֆակտո դաշնակցության միջև: Աստանան դե յուրե ստիպված է գնալ իր դե ֆակտո դաշնակցի դեմ: Առայժմ այդ պարտադրանքը ինչ որ իմաստով քաղաքական է, և Աստանային հաջողվում է խուսանավել, նաև այն պատճառով, որ խուսանավում է նաև Ռուսաստանը:

Սակայն ակնհայտ է, որ իրավիճակի զարգացման միտումն այնպիսին է, որ ավելի ու ավելի է մեծանալու դրա անհարմարությունը, նաև ընդհանուր առմամբ ՀԱՊԿ-ն Արևմուտքին հակադրելու ռուսական գլոբալ քաղաքականության հետևանքով: Ասիայի անվտանգության համակարգի ձևավորումը Ղազախստանի համար կլուծի լիովին այլ խնդիրներ: Նախ, կլինի մի համակարգ, որտեղ գերական արդեն չի լինի Ռուսաստանը, և հետևաբար շոշափելիորեն կբարձրանա Ղազախստանի կշիռը: Մյուս կողմից, Աստանան արդեն կլինի ոչ միայն դե ֆակտո, այլ նաև դե յուրե Ադրբեջանի դաշնակիցը:

Եթե անգամ Ռուսաստանն էլ ներգրավվի Ասիայի անվտանգության կազմակերպության մեջ, միևնույն է, կասկած չկա, որ այստեղ չի կարող լինել գերակա, հետևաբար շատ հարցերում կլինի կազմակերպության անդամներին ենթակա: Կստացվի նաև, որ միևնույն անվտանգության կազմակերպության մեջ են հայտնվում Ռուսաստանն ու Ադրբեջանը: Այդ հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ Աստանայի այդ գաղափարը Մոսկվայի համար կարող է ներկայացնել որոշակի հետաքրքրություն, քանի որ Ասիայի գծով էլ անվտանգության միևնույն կազմակերպության մեջ մտնելով արդեն Ադրբեջանի հետ, Մոսկվան Հայաստանից դաշնակցային պարտավորությունների վերաբերյալ հիշեցումներին ի պատասխան կարող է ի ցույց դնել նաև Ադրբեջանի հանդեպ այլ դաշինքով ունեցած պարտավորությունները: Այսինքն, Աստանայի գաղափարով Մոսկվան ոչ միայն դե ֆակտո, այլ նաև դե յուրե կհավասարեցնի Հայաստանն ու Ադրբեջանը:

Այստեղ խնդիրն այն է, թե արդյոք Մոսկվային հետ կպահի ՀԱՊԿ հնարավոր կազմալուծումը: Թեև, չի բացառվում, որ Ռուսաստանը գնա դրան, քանի որ ՀԱՊԿ-ը որպես այդպիսին գործնականում չկայացող կառույց է, և Մոսկվան կնախընտրի դրա լուծարման հարցում շահավետ առևտուր անել Աստանայի հետ այլ  հարցերի վերաբերյալ:

Բոլոր դեպքերում, Ղազախստանի հայտարարությունն անկասկած դեռ սկիզբն է և դժվար է ասել, թե ինչ դինամիկա կունենա, ինչ արձագանքի կարժանանա մյուս պետությունների, օրինակ Ասիայի առաջատար Չինաստանի մոտ: Բայց, Աստանան փաստորեն սկսում է մի խաղ, որի ավարտը կարող է լինել ՀԱՊԿ կազմալուծումը, և Հայաստանը պետք է պատրաստվի դրան, և առավել ևս այդ հարցի շուրջ Աստանա-Մոսկվան հնարավոր որևէ գործարքին, քանի որ ԵՏՄ փորձն արդեն իսկ ցույց է տվել, որ այդ գործարքներում Հայաստանի շահն ու արժանապատվությունը հաճախ է հայտնվում ռիսկի տակ:

Նույն շարքից