Բարի օր 

Ընթերցանության ժամ. Լեոնարդո Դա Վինչի. Գոռոզամիտ մայրին

analitik.am

Գոռոզամիտ մայրին

( Առակ )

Մի այգում աճում էր մայրին: Ամեն տարի նա հասունանում էր ու դառնում էլ ավելի բարձրահասակ և գեղեցիկ: Իր ճոխ սաղարթը արքայավարի խոյանում էր այլ ծառերի վրա և նետում էր նրանց վրա իր խիտ ստվերը: Բայց որքան շատ էր մայրին աճում և որքան շատ էր բարձրանում վերև, այնքան ավելի մեծ էր դառնում նրա անչափելի գոռոզությունը: Արհամարանքով նայելով վերից բոլորի վրա, մի անգամ նա հրամայելով բացականչում է.

– Հեռացրե՛ք գրողի ծոցը այս ճղճիմ ընկուզենուն, – և ծառը կտրվում է մինչև արմատներ:

– Ազատե՛ք ինձ այս անտանելի թզենու հարևանությունից: Նա ինձ զզվացնում է իր այլանդակ տեսքով, – մեկ ուրիշ անգամ հրամայում է քմահաճ մայրին: Եվ թզենուն նույն ճակատագիրն է բաժին ընկնում ինչ ընկուզենուն:

Իրենից գոհ, հպարտորեն տարուբերելով իր ճյուղերը, ամբարտավան գեղեցկադեմը ոչ մի կերպ չէր բավարարվում:

– Մաքրե՛ք իմ շուրջը այս հին տանձենիներից և խնձորենիներից, – և ծառերը վեր ածեցին վառելափայտի:

Եվ այսպես անդադրում մայրին հրամայում է ոչնչացնել մեկը մյուսի ետևից բոլոր ծառերը՝ դառնալով այգու լիարժեք տերը:

Բայց մի անգամ ուժեղ փոթորիկ բարձրացավ: Գոռոզ մայրին ամբողջ ուժով ընդիմանում էր փոթորկին՝ արմատներով ամուր բռնելով հողից: Իսկ քամին իր ճանապարհին չհանդիպելով որևէ ծառի, առանց խոչընդոտների, ամբողջ ուժով հարձակվում էր միայնակ գեղեցկադեմի վրա` անխնա կոտրելով, ջարդելով և ճկելով ծառի բունը: Վերջապես խոշտանգված և ուժասպառ մայրին, չդիմանալով կատաղի հարվածներին՝ տապալվում է:

Նույն շարքից