Իրավական 

Ես բղավում էի, որ փաստաբան եմ, մտածում եմ, որ եթե չկարողանայի գոռալ, կշարունակեին ծեծել ինձ. Փաստաբան

Փաստաբան Ավագ Լալայանը հաղորդում է ներկայացրել ՀՔԾ՝ ոստիկանների կողմից իրեն բռնության ենթարկելու հետ կապված:

Analitik.am-ը զրուցեց փաստաբան  Ավագ Լալայանի հետ, ով մեզ ասաց, որ  երեկ՝ ապրիլի  20-ին, ժամը 23:50-ի սահմաններում տուն վերադառնալիս  Շիրազ-Սիլիկյան խաչմերուկի մոտ  տեսել է անչափահասների և ոստիկանների: Մոտեցել է, որպեսզի չթողնի, որ ոստիկաններն անչափահասներին նեղացնեն . «Տեսա, որ զոռով ուզում են մի տղայի նստացնեն մեքենան, հարցրեցի ոստիկաններին՝ պարզե՞լ են՝ անչափահաս է,  թե չէ, ներկայացե՞լ են, որ ոստիկան են, թե չէ: Ինչո՞ւ հարցրեցի, որովհետև տեսա, որ  բռնի են ուզում նստացնեն: Ես ասացի նրանց, որ փաստաբան եմ, այդ պահին մի հատ մայոր եկավ, ասեց՝ արա, ո՞վ ես,  հետո համազգեստ հագած մի 8 հոգի  հարձակվեցին, սկսեցին ծեծի ենթարկել ինձ: Ես բղավում էի, որ փաստաբան եմ, մտածում եմ, որ եթե չկարողանայի գոռալ, կշարունակեին ծեծել ինձ: Հետո միլպետը կանխեց ինձ ծեծի ենթարկելը,  ես հեռախոսս  միացրեցի, վիդեո արեցի և ասեցի,  որ ոստիկանները ծեծի ենթարկեցին ինձ, ուստի հենց հիմա հանցագործության մասին հաղորդում եմ տալիս: Ես դիմեցի նաև ոստիկաններին, որ հանցագործության մասին հաղորդումը վերցնեն, բայց նրանք  ինձանից հեռվացել էին, չմոտեցան, մոտեցա միլպետին, ասացի նույն բանը, նա խուճապահար հեռացավ: Ինձ արա ասող անձին էլ մոտեցա, ով  ցանկացավ վերցնել ձեռքիցս հեռախոսը,  հեռվացա իրենցից, գնացի»:

Ավագ Լալայանը նաև նշեց, որ արդեն հանցագործության մասին հաղորդում է  ներկայացրել ՀՔԾ:

Analitik.am-ը կապ հաստատեց նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության հետ՝ վերոնշյալ դեպքի հետ կապված մեկնաբանություն ստանալու համար, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ կուսումնասիրեն անպայման և ավելի ուշ կմեկնաբանեն:

Նույն շարքից