Իրավական 

Խնդրում եմ՝ անվավեր ճանաչել քաղաքացի Կարեն Կարապետյանին ՀՀ առաջին փոխվարչապետ նշանակելու մասին Ձեր հրամանագիրը. Բաց նամակ Արմեն Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ՝ պարոն Արմեն Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մասնագիտությամբ փաստաբան Հայկ Ռուբենի Ալումյանից

Դ Ի Մ Ու Մ

Պարոն Նախագահ. Ձեր 18.04.2018 թվականի թիվ ՆՀ-267-Ա հրամանագրով քաղաքացի Կարեն Վիլհելմի Կարապետյանին նշանակել եք Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ: Ներկա պահին, օգտվելով այն հանգամանքից, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է իր պաշտոնից, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը ժամանակավորապես իրականացնում է Հանրապետության վարչապետի լիազորությունները: Հարկ եմ համարում Ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասի վրա, համաձայն որի՝ <<Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները>>:

Պատգամավորին ներկայացվող պահանջներն ամրագրված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասում, որտեղ ասված է՝ << Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք>>: Քաղաքացի Կարեն Կարապետյանը չի համապատասխանում պատգամավորի համար Սահմանադրությամբ սահմանված պահանջներից առնվազն մեկին՝ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու պահանջին: Հետևաբար, նա չի կարող լինել Կառավարության անդամ: Իսկ Կառավարության անդամ, ըստ ՀՀ Սահմանադրության 147-րդ հոդվածի 1-ին մասի, հանդիսանում են վարչապետը, փոխվարչապետը և նախարարները: Վերը շարադրվածից հետևում է, որ քաղաքացի Կարեն Կարապետյանը չի կարող զբաղեցնել Հայաստանի Հանրապետության վարչապետի, փոխվարչապետի կամ նախարարի պաշտոն:

Նրան ՀՀ առաջին փոխվարչապետ նշանակելու մասին Ձեր 18.04.2018 թվականի թիվ ՆՀ-267-Ա հրամանագիրն, այսպիսով, հակասահմանադրական է և ենթակա է վերացման՝ անվավեր ճանաչման: <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի համաձայն՝ <<1. Անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`

ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.

բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում.

գ) շահերի բախման իրավիճակում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով: (…) >>: Ելնելով վերը շարադրվածից, խնդրում եմ՝ անվավեր ճանաչել քաղաքացի Կարեն Վիլհելմի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ նշանակելու մասին Ձեր 18.04.2018 թվականի թիվ ՆՀ-267-Ա հրամանագիրը:

Դիմող՝ Հայկ Ալումյան 25.04.2018թ:

Նույն շարքից