Համաշխարհային վավերագրական կինեմատոգրաֆի դասական, Օբերհաուզենի Միջազգային կինոփառատոնի «Գրան պրի» մրցանակակիր Արտավազդ (Արթուր) Փելեշյանը ծնվել է 1938 թվականի փետրվարի 22-ին Գյումրիում և մինչև 1963 թվականը ապրել Կիրովականում, այժմ` Վանաձոր։ 1963-1967 թթ. սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (L.Քրիստիի արվեստանոց)։ Արդեն ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել, իսկ նա մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների կողմից։ 1972 թվականինԿուլիջանովի հետ համատեղ նկարահանել է«Աստղային ժամ» ֆիլմը, իսկ Միխալկով-Կոնչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմում հեղինակել է վավերագրական հատվածը։
Փելեշյանը նաև խորը և ինքնատիպ տեսաբան է։ Նրա «Դիստանցիոն մոնտաժը» մոնտաժի զարգացման պատմության մեջ մի նոր քայլ էր։ 1988 թվականին հրատարակվեց նրա «Իմ կինոն» գիրքը, ուր զետեղված են տեսական աշխատանքներն ու սցենարները։ Իր ֆիլմերում նա վերացրեց խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանները` երկուսն էլ մոնտաժելով իբրև իրական բանաստեղծական էություն։ Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964 թ.),«Մարդկանց երկիրը» (1966 թ.), «Սկիզբը» (1967 թ.) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են նուրբ ճաշակով, գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով։ 1969 թվականին Փելեշյանը նկարահանել է «Մենք» ֆիլմը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն։ Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»: Փելեշյանը նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում։ 1996 թվականին Փելեշյանը պարգևատրվել է ՀՀ Սբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, 2006 թվականին «Փարաջանովյան Թալեր» («Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն, Երևան)։