Իրավական 

Փաստաբանները դիմել են Արմեն Սարգսյանին՝ առաջարկելով ՍԴ անդամի պաշտոնում քննարկել Վահե Գրիգորյանի թեկնածությունը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին են դիմել 171 փաստաբաններ՝ առաջարկելով քննարկել Վահե Գրիգորյանի թեկնածությունը ՍԴ անդամի պաշտոնում.

«Հարգելի պարոն Սարգսյան,

Հիմք ընդունելով Ձեր 17.05.2018թ․ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման վերաբերյալ իրավաբանական հանրության ներկայացուցիչների կարծիքը լսելու և թեկնածուի առաջադրումը հստակ խորհրդակցական մեխանիզմներով և ընթացակարգերով իրականացնելու պատրաստակամության վերաբերյալ՝ որպես փաստաբանական համայնքի ներկայացուցիչներ առաջարկում ենք քննարկել փաստաբան Վահե Միշայի Գրիգորյանի թեկնածությունը։

Լավատեղյակ լինելով փաստաբան Վահե Գրիգորյանի բարձր մասնագիտական և անձնական հատկանիշներին և հատկապես սահմանադրական իրավունքի և արդարադատության ոլորտի նրա բարձր գիտելիքներին՝ վստահ ենք, որ նրա ընտրությունը ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում կնպաստի Դատարանի հեղինակության բարձրացմանը և նոր որակ կհաղորդի սահմանադրական արդարադատությանը Հայաստանում։

Միևնույն ժամանակ, լիահույս ենք, որ այդ խորհրդակցական մեխանիզմներն ու ընթացակարգերը հիմնված կլինեն հավասարության, արդարության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների վրա և կապահովեն այդ գործընթացի նկատմամբ բարձր հանրային վստահությունը և Սահմանադրական դատարանի բարձր հեղինակությունը»։

Նույն շարքից