Analitik.am- ի թղթակիցը զրուցել է քահանաների հետ՝ պարզելու համար, թե ինչպե՞ս են վերաբերվում վերջերս Հայաստանում կատարվող իրադարձությունների ընթացքում սոցցանցերում մի խումբ մարդկանց ակտիվ քննադատություններին, հայ առաքելական եկեղեցու և առանձին քահանաների հասցեին ուղղված գրառումներին։
Թիֆլիսի, Ավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու Հոգևոր հովիվ՝ Տեր Վիրապ քահանա Ղազարյանն ասաց, որ բնականաբար բացասական է վերաբերվում այդ ամենին, քանի որ շատերը կան, որոնք առիթ են փնտրում ընդդիմանալ եկեղեցուն և փնովել թե՛ Վեհափառին և թե՛ հոգևորականներին։ Նրա խոսքով եթե արդար լինեն, ուրեմն նաև պիտի գովաբանեն այն հոգևորականներին, ովքեր իսկապես ժողովրդի մեջ են, ժողովրդի հետ և բարի ու լավ գործեր են կատարում թե՛ ժողովրդի , թե՛ հայրենիքի համար։ Նաև նշեց, որ այս ամենի մեջ եկեղեցու և հավատքի հանդեպ սրտացավություն չեն տեսնում, քանի որ առողջ քրիստոնյան նման անբարո խոսքերով կամ հայհոյանքներով չի խոսի եկեղեցու և հոգևորականների մասին. «Մենք լուռ մեր ծառայությունն ենք բերում մեր ժողովրդին և մեր հայրենիքին։ Եթե մենք լսենք նրանց ու ըստ իրենց ցանկության շարժվենք, շատ շուտով կկորցնենք ամեն ինչ և ամեն արժեք»,- ասաց Տեր Վիրապ քահանան։
Քահանաներից մեկն էլ հավելեց, որ քննադատության և գովեստի խոսքեր միշտ էլ լինում են, որ պետք է ո՛չ առաջինից խուսափել, ո՛չ էլ երկրորդով հպարտանալ: Նրա խոսքով, սոցցանցերը շատ լայն ու խրթին միջավայր են. «Ինքս մշտապես հակված եմ ինքնաքննադատության, դիմացինի կարծիքը նախ լսելու, վերլուծելու սկզբունքին: Մեր ժողովրդի այս հեղափոխության հիմքում ընկած էր սիրո և հանդուրժողականության գաղափարը, որի համատեքստում էլ մենք պետք է հաշվի նստենք ժամանակի թելադրանքով սոցցանցերի ու հասարակական լայն քննարկումների ու քննադատությունների իրականության հետ»,-ասաց նա:
Մեկ այլ քահանայի կարծիքով, եթե քննադատությունն առողջ է, ուրեմն սխալ է չընդունելը: Եթե ոչ, ապա ընդամենը պրովոկցիա է:
Նշվեց նաև, որ Եկեղեցին իր սկզբնավորումից միշտ էլ եղել է հալածանքների թիրախ. «Իզուր չէ Քրիստոս ասում՝ վերցրու խաչդ և արի իմ ետևից՝ այսինքն քրիստոնյային հեշտ կյանք չի սպասվում: Նրա պարգևը հավիտենական կյանքն է, փրկությունը»,-ասաց նա:
Իսկ ինչ վերաբերում է այսօրվա արձագանքներին՝ նրա կարծիքով, ամբողջ խնդիրն այն է, թե ո՞վ է կանգնած այդ քննադատությունների և հակաքրիստոնեական մտքերի հետևում. «Եթե մարդ է, որ կապ չունի ոչ հավատքի և ոչ եկեղեցու հետ, ապա սրա մտքինը եկեղեցու կազմաքանդումն ու վերացումն է, ուստի թշնամի է ազգի մի ստվար զանգվածի, և հանգիստ նրան կարելի է ասել՝ դա քո գործը չէ, և դու ո՞վ ես, որ նման հարցեր ես բարձրացնում: Եթե սրտացավ ես, բայց բողոքելուց զատ ոչինչ չես անում, ուրեմն ընդամենը օդ թնդացնող ես, եթե սրտացավ ես և ուզում ես օգնել շտկելու քո բողոքի առարկան կամ թիրախը, ուրեմն իսկապես մեկն ես, որին հետաքրքիր է եկեղեցու հետագա ճակատագիրը»,-ավելացրեց քահանան։
Քահանաներից մեկն էլ ասաց, որ եկեղեցին չպիտի որևէ կողմնապահություն անի քաղաքական տարակարծությունների և ժողովրդական հարակիր խմբակցությունների վեճերի մեջ, եկեղեցու դերն աղոթելը, խաղաղության կոչ անելը, Աստվածային ճշմարտությունները, սերն ամրապնդելն ու ժողովրդի մեջ միասնական ոգին պահելն է. «Եկեղեցու համար երկու կողմերն էլ իր սեփական զավակներն են։ Եթե եկեղեցին տեսնում է, որ հակասությունն այլևս ագրեսիվ բնույթ է ստանում, պետք է, որ իր ձայնը հնչեցնի և ժողովրդին սիրո և համերաշխության կոչով խաղաղեցնի» ։
Հարցրեցինք նաև նորանշանակ Առողջապահության նախարարի աթեիստ լինելու մասին քահանաների կարծիքը. Քահանաներից մեկն ասաց, որ նորանշանակ առողջապահության նախարարի արտահայտություններն իրեն շատ սաստիկ զայրացրել են. «Նա այնքան լկտի կեցվածք է բռնում, որ կարծես ասի՝ իրականում, թքած ունեմ մեր պապերի դարավոր պաշտած սրբությունների վրա, մեր ազգի 1700 տարվա իդեալոգիայի վրա, մեր սուրբ հայրերի թողած ժառանգությունների վրա, Մաշտոց, Նարեկացի, Շնորհալի, Տաթևացի, Կոմիտաս-ների վրա։ Ես բոլորից խելացին եմ և բոլորից համարձակը, եթե նույնիսկ իմ հնչեցրածը հայհոյանք է հայ ժողովրդի 95 տոկոսի սրբության հանդեպ, միևնույն է, ես կասեմ ու կմնամ իմ կուրության մեջ, ահա իր կեցվածքը։ Ես էլ չեմ ուզում հիշեցնել այդ անգրագետ անձին, որ ինքը Ամպերի, Մենդելեևի, Կեպլեռի, Պասկալի, Նյուտոնի, Լոմոնոսովի, Գալվանիի, Վոլտայի, Պաստերի և այլ հանճարների ոտքի փոշին չարժե իր սահմանափակ ուղեղով, և երևի թե խելացի կլիներ գոնե «հնարավոր է լինի» միտքը որդեգրեր»,-ասաց քահանան։
Քահանա մեկն էլ շեշտեց, որ ինքը որպես քրիստոնյա և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավոր, չէր ցանկանա երկրի Առողջապահության նախարարի պաշտոնում տեսնել աստվածամերժին. «Խորապես համոզված եմ, որ բժշկությունն առանց հավատքի դատապարտված է անհաջողության, սակայն, ինչպես և բոլորը, այդպես էլ Առողջապահության նորանշանակ նախարարը, ազատ են հավատքի դրսևորման կամ մերժման մեջ: Տեր Հիսուսն ու իր առաքյալները սիրո ուժով էին հաղթանակ տանում չարի դեմ պայքարում: Ոչ մի աթեիստ չի հավատա Աստծուն՝ բազմաթիվ քննադատություններ և տեղի ու անտեղի ճառեր լսելով: Աթեիզմի սառույցը հալվում է միմիայն քրիստոնեական սիրով և կենդանի հավատքից բխող առաքինի գործերով»,-ասաց նա:
Տեր Վիրապ քահանա Ղազարյանն ասաց, որ եթե իրականում աթեիստ է, ապա շատ վատ է վերաբերվում, քանի որ որպես հոգևորական, շատ կուզեր, որ այդ տղան ճանաչեր Աստծուն՝ իր Արարչին. «Մարդը հավատա, թե չհավատա Աստծուն, միևնույն է, մահանալու է, իսկ առանց հավատքի՝ մերժելով Աստծուն մահանալը սարսափելի է»։ Նաև ավելացրեց, որ քանի որ նա արդեն իսկ նախարար է, պետք է ճանաչել նրան ըստ իր հետագա գործերի, և այս պահին նաև շատ կարևոր է, թե ինչ ծառայություն կմատուցի ժողովրդին և պետությանը. «Եթե իր մատուցած ծառայությունը չբխեց ժողովրդի և պետության, ինչպես նաև քրիստոնեության շահերից, գովասանքի չի արժանանա, և ժողովուրդը կընդվզի»։
Քահանաներից պարզեցինք նաև , թե ինչպե՞ս են գնահատում երիտասարդների կապը եկեղեցու հետ և ի՞նչ ճանապարհներ են տեսնում այն ամրապնդելու համար։ Նրանցից մեկն ասաց, որ եկեղեցու և երիտասարդության կապը բավարար է այս պահի համար, բայց ոչ բավարար վաղվա օրվա տեսանկյունից. «Եկեղեցին պետք է մեծ քայլեր անի դեպի երիտասարդություն, իսկ երիտասարդությունն էլ իր հերթին իր ներուժով եկեղեցու մեջ մեծ գործեր, մեծ մարդկային ներդրումներ կատարի»,-ասաց նա։

Նշվեց նաև, որ այս խնդրի լուծումն արհեստականորեն բարդացված է, քանի որ մեր երկրում արգելվում է քրիստոնեության քարոզը դպրոցներում: Երեխաների մի ստվար զանգված դեռ դաստիարակվում է աթեիզմի, դարվինիզմի հակվածություն ունեցող մասնագետների ձեռքի տակ և որոշակի աշխարհայացք է ձևավորում արժեքային համակարգում, իսկ հետո հանկարծ բախվում է մի նոր իրողության՝ հավատքի և քրիստոնեության հետ՝ ստացվում է, որ բավականին ժամանակ է կորսվել դրանք հասկանալու, ընկալելու և ընդունելու համար: Նրա կարծիքով, հիմնական հույսն երեխաների անձնական մոտեցման, նրանց կամքի արտահայտման մեջ է. «Շատ կարևոր է, թե հանրապետության որ հատվածում են ապրում երեխաները, քանի որ Արարատյան դաշտավայրում, Էջմիածնի շրջանում, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Արթիկի թեմերում դեռ կարելի է հավատքի նկատմամբ որոշակի հակում տեսնել, իսկ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում ավելի քիչ»,- ասաց քահանան:

Տեր Վիրապ քահանա Ղազարյանն ընդհանուր առմամբ բարձր գնահատեց երիտասարդների վերաբերմունքը եկեղեցու և հավատքի նկատմամբ. «Սա այն ժամանակներն են, երբ ազատ են ապրում երիտասարդները՝ ունենալով իրենց սեփական կարծիքն ու վերաբերմունքը թե՛ եկեղեցու , թե՛ կյանքի նկատմամբ: Իմ ծառայության ընթացքում ինձ վստահված համայնքներում երբեք չեմ բախվել խնդիրների, որոնք հարուցած կլինեն երիտասարդները: Միշտ ուրախացել եմ նրանց առողջ դատողությամբ, եկեղեցի հաճախելով, Սուրբ Պատարագներին մասնակցելով։ Մենք ոսկե երիտասարդություն ունենք, պարզապես նրանցով ուրախանալ և ապրել է պետք։ Ու երբեք չպետք է թերագնահատենք մեր երիտասարդների կարողությունները»,-ասաց նա։

Մեկ այլ քահանա էլ ասաց, որ հենց հոգևորականները պետք է բարի օրիանակ ծառայեն. «Հնարավորինս շատ բարի օրինակ լինենք ճիշտ քրիստոնյայի, հնարավորինս շատ ժամանակ տանք երիտասարդներին՝ կյանքի արժեքների , կարևորն անկարևորից տարբերելու կարողության դաստիարակության , ճիշտն ու սխալը տարբերելու ունակության խնդիրների համար: Երիտասարդներն իրենց հերթին հնարավորինս պիտի մաքուր պահեն իրենց միտքը և սիրտը իրենց հոգին պղտորող հազար ու մի ինֆորմացիաներից, իդեալոգիաներից, երևույթներից , որից հետո կկարողանան սրբությունն ընկալել»,- ասաց նա:

Հարկ է նշել նաև, որ հայ առաքելական եկեղեցին չի ընդունում միասեռականներին և դեմ է այդ երևույթին։ Փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս են վերաբերվում քահանաներն այդ երևույթին և արդյո՞ք հնարավոր է, որ ապագայում հայ առաքելական եկեղեցին նման երևույթի հանդեպ ցուցաբերի որոշակի հանդուրժողականություն։
Տեր Վիրապ քահանա Ղազարյանի խոսքով, դրա մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ այդ հիվանդությունը միշտ եղել է մարդկության պատմության մեջ ու միշտ էլ փորձել է վերաբերմունք կորզել աշխարհից կամ մեր եկեղեցուց. «Մեր եկեղեցին երբեք ընդառաջ չի գնա այդ սարսափելի ու հիվանդ երևույթներին: Մարդկության առաջին կործանումը եղավ հենց այդ հիվանդության պատճառով, երբ հասնելով իր սարսափելի գագաթնակետին, Աստված որոշեց բնաջնջել մարդկությանը, բայց արի ու տես, որ այդ չարիքին վերջ չկա: Պետք է անդադար պայքարել դրա դեմ: Ես դա հիվանդություն եմ համարում, ինչ-որ տեղ նաև չբուժվող: Մենք պետք է մի կարևոր բան շատ լավ հասկանանք, որ մենք հայ քրիստոնյաներ ենք, և մեր պետությունն էլ քրիստոնեական պետություն է, ունի իր ազգային ներքին դաստիարակությունը, և սա պետք է լինի բավական մնացյալ ազգերից տարբերվելու և շատ թելադրվող օրենքներ վանելու ու հեռացնելու մեզանից և մեր երկրից, կարծում եմ, որ մեր ղեկավարները պետք է լինեն մեծ հայրենասերներ և զգոն լինեն»,-ասաց նա։
Քահանաներից մեկը նշեց, որ Հայ Առաքելական եկեղեցին բացարձակապես չի ընդունում այդ երևույթը՝ համարելով սոդոմական զազրելի մեղք, ինչի կործանարար ուժը շատ մեծ է. «Բացառվում է երբևէ այդ երևույթի ընդունումը, եթե Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ու որևէ քրիստոնեական եկեղեցի դա ընդունեն, ապա կդադարեն Քրիստոսի եկեղեցի համարվելուց»:
Մեկ այլ քահանաէլ ասաց, որ միասեռականությունը մեղք է, ինչպես գողությունը, շնությունը, սպանությունը և այլն, և եթե սրանք երբևէ դառնան հանդուրժելի եկեղեցու կողմից, ուրեմն այդ երևույթներն էլ կհանդուրժվի. «Չեմ կարծում, թե դա կլինի, ասեմ ավելին՝ դա մեր եկեղեցում չի լինի, ուղղակի պետք է մի բան հասկանալ՝ եկեղեցին մեղքի դեմ է, մարդու դեմ չէ: Եվ որ եկեղեցին միշտ էլ սպասում է գողի, մարդասպանի, շնացողի և ընդհանրապես մեղավոր մարդու՝ իր մեղքի գիտակցումը, ընդունումը և զղջումը, ապաշխարությունը, և այդ մեղքից ազատվելու իր ջանքն ու ցանկությունը: Եթե միասեռականն էլ այդպես ուզի, ուրեմն եկեղեցին միանշանակ նրան օգնելու պատրաստ է: Հիվանդանոցում հոգատարության առարկան հիվանդն է, եկեղեցում՝ մեղավոր մարդը: Կարևորը մեղքի գիտակցումն է, և նրանից ազատվելու ցանկությունը, իսկ եթե մարդը որոշել է, որ իր համար այդ ապրելակերպը լավ է, իրեն դուր է գալիս, իր գործն է, և ուրիշ մեկն իրավունք չունի իրեն այդ հարցում մեղադրանք ներկայացնել, ապա դա իր ընտրած ճանապարհն է, չեմ կարծում, թե նման մարդուն հետաքրքիր է եկեղեցու հանդուրժումը»,-ասաց նա:
Նույն հարցի վերաբերյալ քահանաներից մեկն ասաց, որ միասեռականների հանդեպ եկեղեցու դիրքորոշումը չի կարող փոխվել, քանի որ դա Աստվածաշնչի դիրքորոշումն է, Աստծո դիրքորոշումն է։ Եթե եկեղեցու դիրքորոշումը փոխվի, ուրեմն դա արդեն Աստծո եկեղեցին չէ, այլ սատանայի. «Մեզ կմնա թողնենք եկեղեցին և փախչենք քարանձավներ՝ մեր ազգի ու եկեղեցու մեղքերը լացելու»,-ասաց քահանան։
Մեկ այլ քահանայի խոսքով էլ ոչ թե հայ եկեղեցին չի ընդունում միասեռականությունը, այլ Աստված է մերժում այդ երևույթը. «Մեր եկեղեցին հանդուրժողական վերաբերմունք ունի միասեռականների հանդեպ ճիշտ նույն կերպ, ինչպես բոլոր մեղավորների հանդեպ, սակայն եկեղեցին երևույթը պիղծ է համարում: Հազարամյակներ էլ անցնեն, եկեղեցու մոտեցումը չի փոխվի: Մարդիկ պետք է փոխեն իրենց պիղծ հակումները, ոչ թե՝ Աստծո օրենքը: Նման բան հնարավոր չի, և դա երբեք չի լինի հայ եկեղեցում»,- ասաց նա: