Իրավական 

Ըստ հաղորդման` ոստիկանները քաղաքացուն ծեծի են ենթարկել և մարմնական վնասվածքներ պատճառել

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ Ա. Փ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 2018թ.-ի մայիսի 09-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքից ՀՀ ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկվելու ժամանակ, ինչպես նաև բաժնում գտնվելու ընթացքում, մի խումբ ոստիկաններ բռնություն են գործադրել իր նկատմամբ. ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:Այս մասին հայտնում են ՀՀ ՀՔԾ-ից:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերը նշված մարմնական վնասվածքները Ա. Փ.-ի վրա հայտնաբերվել են նաև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում վերջինիս զննության ժամանակ:

ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից