Բարի օր Իրավական 

Ժիրայր Սեֆիլյանի գործով վերաքննիչ դատը հետաձգվել է. Բողոքի երթ դեպի հրապարակ

analitik.am

Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ  Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի վերաքննիչ բողոքների քննությունները, քանի որ ամբաստանյալները դատարան չէին բերվել։

ՊՊԾ գունդը գրաված անձանց սատարողները Վերաքննիչ քրեական դատարանից Արշակունյաց պողոտայով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ: Ցուցարարները վանկարկում են՝ «դատախազ, հեռացիր», «ազատ, անկախ  դատարան» և «ազատություն»:

Նրանք պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Վերաքննիչ դատարանում այս գործով բողոքները լսում են դատավորներ Մխիթար Պապոյանը և Մանուշակ Պետրոսյանը՝ Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի կողմից Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ազատազրկման, Գևորգ Սաֆարյանը՝ 4, միասնական պատիժը՝ 5,5 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 4,6 տարի, Ներսես Պողոսյանը՝ 3,6 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3, Գալուստ Գրիգորյանը՝ 3.5 տարի, Հովհաննես Պետրոսյանը 2 տարի ժամկետով: Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որոնցում ճանաչվեց մեղավոր:

Սասունիկ Կիրակոսյանը, Ներսես Պողոսյանը, Հրայր Թոփչյանը, Գալուստ Գրիգորյանը և Հովհաննես Պետրոսյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից:

Գևորգ Սաֆարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի  35-225-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստությունը:

 

Նույն շարքից