Այսօր՝ հունիսի 1-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, պատասխանելով հարցին, թե իր ղեկավարած նախարարությունում ինչ-որ խախտումներ հայտնաբերել է արդյո՞ք և արդյո՞ք ԱԱԾ-ն Արդարադատության նախարարությունում եղել է, նշեց, որ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում ինքը՝ որպես քաղաքացի, որպես պաշտոնատար անձ, պարտավոր է լինելու դրա մասին հաղորդում ներկայացնել. «Դեռևս որևէ բան չեմ հայտնաբերել»:
Անդրադառնալով նրան, որ ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ ստորագրահավաք են սկսել Մասիսի ձերբակալված քաղաքապետի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար և հարցին, թե դրա համար հիմքեր կա՞ն, Զեյնալյանն ասաց, որ ինքն իրավական գնահատականներ տալու իրավունքով օժտված չէ. «Կարող եմ ասել սկզբունքների մասին, որ գործում է անմեղության կանխավարկածը: Հետաքննության և նախաքննության մարմինները պարտավոր են հիմնավորել, ներկայացնել փաստերը, որոնց դեպքում կարող է կիրառվել կալանքը: Եթե չկարողացան ապացուցել, տվյալ անձը կխուսափի կալանքից: Հնարավոր է՝ հավանականություն կա, որ կարող է ճնշում գործադրվել նախաքննության վրա կամ նոր հանցանք կգործի, դրա համար ընտրվում է խափանման միջոց կալանքը: Այդ դեպքում յուրաքանչյուր 2 ամիսը մեկ պետք է հարցը քննարկվի»:
Նախարարը նշեց, որ խափանման միջոցը հայցի ապահովման միջոց չէ, պետք չէ այն դիտարկել որպես նախնական պատիժ. «Միայն մեղսագրվող հանցագործության ծանրությամբ պայմանավորված չի կարող կիրառվել կալանքը: Սա նաև Եվրոպական դատարանի դիրքորոշումն է»: