Իրավական 

Մասիսի քաղաքապետը պետք է ազատ արձակվի, մարտի 1-ով նման ապօրինի, խայտառակ մեղադրանք չի եղել. Փաստաբան

Մասիսի ձերբակալված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունն ավարտվել է, որոշումը կհրապարակվի 15:00-ին, իսկ փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի մասով քննությունը դեռ չի ավարտվել: Այս մասին քիչ առաջ հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրի մոտ և պահանջում են քաղաքապետին ազատ արձակել:

Աթանեսյանը նշեց, որ պահանջում է անհապաղ ազատ արձակել. «ՀԻմնավոր կասկած բացակայում է: Երկու շինծու վկաներ, յութուբում դիտելով, տեսել են դիմակավորված մի մարդու և ասել են, որ դա քաղաքապետն է: Անգամ այդ դիմակավորված մարդը որևէ բան չի անում տեսանյութում: Սրա հիման վրա մեղադրանք են առաջադրել զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու մասով: Սա խայտառակություն է, մարտի 1-ով նման ապօրինի խայտառակ մեղադրանք չի եղել»:

Աթանեսյանը նշեց, որ դատական համակարգում շատ կան մարդիկ, ովքեր այս կերպ ցանկանում են շողոքորթել նոր իշխանություններին. «Ես վստահաբար կարող եմ ասել, որ նման ձևով նրանց շողոքորթել հնարավոր չէ: Անիմաստ է, արանքում մարդիկ են տուժում»:

Փաստաբանը նաև ասաց, որ 8 պատգամավորի ստորագրությամբ երաշխավորագիր է ներկայացվել, սակայն իր տեղեկությունենրով, թվով 50 պատգամավոր պատրաստ են ստորագրել երաշխավորագրի տակ՝ պահանջելով ազատ արձակել քաղաքապետին:

Իսկ ինչ վերաբերում է փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին, ապա այդ մասով կարելի կլինի խոսել միայն քննության ավարտից հետո:

 

 

Նույն շարքից