Այսօր՝ հունիսի 4-ին, խորհրդարանում ՀՀ 2017թ. պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, դիմելով ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, հայտարարեց, որ տարիներ շարունակ արագաչափերը և տեսանկարահանող սարքերը եղել են ՀՀ քաղաքացիներին թալանելու ամենակարճ ճանապարհներից մեկը, ինչին զուգահեռ մի քանի ընտանիքներ միլիարդատերեր են դարձել:
Զոհրաբյանը ցանկացավ իմանալ, թե ինչ է լինելու հիմա՝ վերանայվելու են արդյո՞ք տուգանքների չափերը:
Օսիպյանը նշեց, որ ուսումնասիրելով միջազգային պրակտիկան, ոստիկանությունը պատրաստվում է առաջարկություն ներկայացնել կառավարություն:
Ոստիկանապետը հայտարարեց, որ արագաչափերը մնալու են և շարունակելու են գործել, սակայն տուգանքների չափերը վերանայվելու են, լինելու է նվազեցում:
Ինչ վերաբերում է առաջարկությունը ներկայացնելու ժամկետներին, Օսիպյանն ասաց, որ դա կարվի 1 ամսվա մեջ: