ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 4-ին Մոսկվայում մասնակցել է պառլամենտարիզմի զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին և ելույթ ունեցել «Միջազգային անվտանգության ամրապնդում. խորհրդարանների դերը» թեմայի շրջանակում:
«Մեծարգո պարոն Վոլոդին, հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին այս համաժողովի կազմակերպման համար:
Խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես միջազգային հարաբերությունների կարևոր գործոն, զգալիորեն աճել է՝ ներդաշնակորեն լրացնելով և ընդլայնելով ավանդական դիվանագիտության հնարավորությունները: Փոխազդեցությունն օրենսդիր մարմինների միջև նշանակալի ներդրում է վստահելի շփումների և երկխոսության պահպանման գործում նույնիսկ այն խնդրահարույց հարցերում, որտեղ պետությունների դիրքորոշումները կարող են հիմնովին տարբերվել:
Այսօր, երբ աշխարհը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած, երկխոսությունն ու համագործակցությունն առավել կարևոր են, քան երբևէ: Մենք ապրում ենք նոր ճգնաժամերի և սպառնալիքների պայմաններում, ականատես ենք բաժանարար գծերի խորացմանը: Գլոբալիզացիայի պայմաններում մի տարածաշրջանում անկայունությունը կարող է ունենալ համաշխարհային մասշտաբի հետևանքներ: Հետևաբար, մենք պետք է միավորենք մեր ջանքերը կայունության և խաղաղության ապահովման համար:
Միջխորհրդարանական շփման մեխանիզմներն այժմ ավելի քան երբևէ պահանջված են արդյունավետ հակազդելու այնպիսի մարտահրավերներին, ինչպիսիք են ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունը, այլատյացությունը, անօրինական միգրացիան:
Մեր կարծիքով՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար միջխորհրդարանական համագործակցության հիմնական ուղղությունները պետք է ներառեն՝
*մարտահրավերներին ու անվտանգության սպառնալիքներին հակազդելու օրենսդրության ձևավորումը, այս ոլորտում փորձի փոխանակումը,
*միջազգային պայմանագրերի վավերացմանը նպաստելը,
*խորհրդարանական համագործակցության ակտիվացումը, տարածաշրջանային խորհրդարանական կառույցների ամրապնդումը և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնումը,
* մարտահրավերներին դիմակայելու համատեղ ծրագրերի մշակումը:
Օրինակ, խոսելով այնպիսի մարտահրավերի մասին, ինչպիսին անօրինական միգրացիան է՝ գտնում եմ, պետք է մշակվի համաձայնեցված միգրացիոն քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանային զգայուն խնդիրների երկարաժամկետ լուծմանը: Ծրագրերը պետք է նախագծված լինեն այնպես, որ միգրացիան դիտարկվի որպես լրացուցիչ հնարավորություն երկրի զարգացման գործընթացներում:
Անհրաժեշտ է կատարելագործել ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում միջպետական համագործակցության իրավական հիմքերը: Նման աշխատանքն իրականացվում է ԱՊՀ ՄԽՎ շրջանակում: Համատեղ ջանքերով ստեղծվել է մոդելային օրենսդրական հիմք, որը կարգավորում է անվտանգության խնդիրները:
Հսկայական աշխատանք է իրականացվում նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում: Երևանում ընդունված մինչև 2025 թվականը Հավաքական անվտանգության ռազմավարության իրականացման պլանը Հայաստանի նախագահության ընթացքում ենթադրում է միջազգային ահաբեկչությանը և ծայրահեղականությանը հակազդելու համատեղ գործողություններ: 2016 թվականին հաստատվել է ՀԱՊԿ ձևաչափում ահաբեկիչ ճանաչված կազմակերպությունների միասնական ցուցակ ձևավորելու մասին կանոնակարգը: Այս տարվա աշնանն էլ՝ հոկտեմբերի 29-30-ին, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի՝ Երևանում կայանալիք նիստում ի թիվս այլոց կքննարկվեն նաև կիբեռանվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: Միջազգային միջխորհրդարանական կազմակերպությունները փոխզիջումային լուծումների մշակման համար առավել արդյունավետ հարթակներից մեկն են:
Գործընկերներ, վերջին ներքաղաքական փոփոխությունները Հայաստանում ի ցույց են դրել պառլամենտարիզմի և ժողովրդավարության զարգացման աստիճանը մեր երկրում: Ցանկանում եմ առանձնակի ընդգծել, որ չնայած բոլոր ներքին գործընթացներին, Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը կմնա անփոփոխ: Մենք հավատարիմ կլինենք մեր միջազգային պարտավորություններին:
Տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից կարևորագույն հարցերից մեկը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետևողական և կառուցողական դերը խաղաղ կարգավորման գործում: Հայաստանը միշտ հավատարիմ է հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ձևաչափով:
Չնայած միջազգային հանրության կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրման, հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվի ավելացման առաջարկին և դրանց իրականացմանն ուղղված հայկական կողմի հետևողական ջանքերին, պաշտոնական Բաքուն շարունակում է պահպանել լարվածությունը բանակցային գործընթացում՝ միաժամանակ չափից ավել մեծացնելով իր ռազմական ներուժը: Հայաստանը հաստատում է իր ձգտումը շարունակելու հակամարտության խաղաղ լուծման որոնումը՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա, ինչպես նաև ընդգծում ենք վստահության վերականգնմանն ուղղված համալիր միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը և լիակատար պահպանումը՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի 2016-2017 թթ. գագաթաժողովներում կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա: Այս հարցում կցանկանայի ընդգծել խորհրդարանականների դերը: Մեր աշխատանքում մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի թույլ չտանք ռազմատենչ հռետորաբանությունը և այլատյացության հայտարարությունները:
Քննարկելով միջազգային անվտանգության հարցերը՝ չեմ կարող չանդրադառնալ Մերձավոր Արևելքի իրավիճակին՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին: Ազգային փոքրամասնությունների իրավիճակը մեր մշտական անհանգստության առարկան է, առավել ևս, որ այդ տարածաշրջանում առկա է մեծ հայկական համայնք: Ձգձգված ճգնաժամը դարձավ տարածաշրջանային ահաբեկչական ուժերի ակտիվացման պատճառ, հանգեցրեց փախստականների թվի աճի: Միայն Հայաստանը Սիրիայից ընդունել է շուրջ 22.000 փախստական: Մեր երկիրը դարձել է Եվրոպայում երրորդ պետությունն ազգաբնակչության թվի համեմատ ընդունած փախստականների թվով: Դրանք իրական մարտահրավերներ են, որոնք չեն կարող մնալ առանց ուշադրության: Միջազգային հանրությունը պետք է նպաստի սիրիական ճգնաժամի շուտափույթ քաղաքական կարգավորմանը՝ երկխոսության և բանակցությունների ճանապարհով, միջազգային կառույցների միջնորդությամբ:
Տիկնայք և պարոնայք, միայն բաց և կառուցողական երկխոսությունը, խորհրդատվությունների բազմակողմ մեխանիզմը և համաձայնեցված գործողությունները կօգնեն դիմակայելու այն վտանգներին ու մարտահրավերներին, որոնք ծնվում են, ինչպես նաև դառնան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամուր հիմք: Խորհրդարանականների համագործակցությունը թույլ կտա ապահովել միջազգային գործընթացների օրենսդրական հիմքը՝ հաշվի առնելով ազգային շահերը, ամրացնելով յուրաքանչյուր պետության անկախությունն ու անվտանգությունը: Վստահ եմ, որ այս համաժողովն էապես կնպաստի բարեկամության ամրապնդմանը՝ բացահայտելով միջխորհրդարանական համագործակցության փոխշահավետ ուղիներ»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: