Հասարակություն Մշակույթ 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան «ՀՐԱՇՔ-ով լի կյանք» արշավի շրջանակներում ցուցադրվեց «Հրաշքը» ֆիլմը

analitik.am

Շարունակելով 2014 թ.-ի մեկնարկած «Հրաշքով լի կյանք» արշավը, երբ հայերեն թարգմանվեց Ռ.Ջ.Պալացիոյի «Հրաշքը» վիպակը և մշակվեց առարկայական ծրագիր ավելի քան 50 դպրոցներում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման հարցերի մասին ուսուցում ապահովելու համար, ԱՄՆ դեսպանությունը հունիսի 11-ին կազմակերպեց գրքի մոտիվներով նկարահանված համանուն հոլիվուդյան ֆիլմի ցուցադրումը «Մոսկվա» կինոթատրոնում։

Վիպակն ու ֆիլմը ներկայացնում են ոգեշունչ մի պատմություն դիմային արատներով ծնված տղայի՝ Օգիի մասին, ով դպրոց առաջին անգամ ոտք է դնում 5-րդ դասարանում և կարողանում է ներքին ուժ գտնել հաղթահարելու իրեն ծաղրող դասընկերներին։ Գլխավոր դերերում նկարահանվել են Ջուլիա Ռոբերթսը և Օուեն Վիլսոնը։ Ֆիլմը մեծ էկրան է բարձրացել անցյալ տարի և արժանացել  է քննադատնների բարձր գնահատականին։

Միջոցառմանը ներկա էր ՀՀ-ում  ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով հանդես եկավ ելույթով.

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզնից յուրաքանչյուրից այսօր «Հրաշքը» ֆիլմի ցուցադրությանը մեզ հետ ներկա լինելու համար։ Հուսով եմ, որ այստեղ ներկաների մեծ մասը ծանոթ են գրքին, որի հիման վրա նկարահանված է այս ֆիլմը։ Այս գիրքը շատ բաների մասին է, բայց կարևոր ուղերձներից մեկը գրքի սոցիալական ներառմանն է վերաբերվում, այն, որ պետք է ընդունեն մարդկանց, ովքեր միգուցե ինձ, քեզ կամ մեզ նման չեն, բայց տարբերվում են մեզանից։ Եվ ամերիկացի գրող Պալացիոի այս գիրքը, կարծում եմ՝ Միացյալ Նահանգներում ընթերցողների լայն զանգված գտավ, քանի որ գիրքը, կարծես թե, ինչ-որ տեղ բոլորիս մասին է, բոլորս էլ անկախ նրանից հաշմանդամություն ունենք, թե ոչ, ինչ-որ պահեր է գալիս, երբ մեզ թվում է, թե մենք մյուսներից տարբերվում ենք, նման չենք մյուսներին։ Եվ քանի որ այս գիրքը Միացյալ Նահանգներում շատ սիրված էր և գրքում արծածված թեմաներն արձագանք կարող էին գտնել ցանկացած վայրում, մենք նպատակահարմար գտանք գիրքը թարգմանել հայերեն, և գիրքը թարգմանվեց, այն ներկայացվեց դպրոցականներին, ուսուցիչների համար առարկայական ծրագիր մշակվեց և գրքի միջոցով նրանք սկսեցին իրականացնել ուսուցողական աշխատանքներ»,- ասաց դեսպան Միլսը։

Նա նաև  նշեց, որ գիրքն այստեղ ևս շատ սիրվեց, ինչպես Միացյալ Նահանգներում. «Այստեղ ուշագրավ միջոցառումներից մեկը, որին ներկա գտնվեցի երկու-երեք տարի, երիտասարդական համաժողովն էր, որին մասնակցում էին դպրոցականներ, ովքեր կարդացել էին այս գիրքը և ներկայացնում էին իրենց մտորումները, խոսում էին այն մասին, թե ինչպես են եղել պահեր, երբ իրենք իրենց օտար են զգացել, տարբեր են զգացել մյուսներից, ներկայացրեցին իրավիճակներ թե ինչպես են ծանոթացել այնպիսի երեխաների հետ, ովքեր նման չեն եղել բոլորին»,-նշեց Ռիչարդ Միլսը ։

Հայտնի է, որ ԱՄՆ դեպսանությունն աջակցում է կրթությունը լիարժեք ներառական դարձնելուն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին, մի նպատակ, որը ՀՀ կառավարությունը մտադիր է իրականացնել մինչև 2025թ։

Նշենք նաև, որ կինոցուցադրումից հետո հյուրերը կարողացան հեռանալ «Հրաշք» գրքի իրենց օրինակով։

Հիշեցնենք, որ ֆիլմը ցուցադրվելու է նաև այսօր՝ հունիսի 12-ին ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

Յանա Մարտիրոսյան 

Նույն շարքից