Բարի օր Իրավական 

Դատախազությունում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը. Նոր մանրամասներ Մասիսի քաղաքապետի գործով

analitik.am

ՀՀ դատախազությունը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի՝ ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված  կալանավորումը մերժելու վճռի դեմ  ՀՀ Վերաքննիչ դատարան բողոք է ուղարկել: Այս մասին Analitik.am-ին հայտնեց Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը. «Այսօր փոստով ստացել եմ դատախազության վերաքննիչ բողոքը Դ.Համբարձումյանի կալանավորումը մերժելու դատարանի որոշման դեմ: Փաստորեն, դատախազությունում աջ ձեռքը չգիտի,  թե ինչ է անում ձախ ձեռքը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ  Հայաստանի գլխավոր դատախազությունից ասել էին, որ չեն բողոքարկելու Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և Էրեբունիում զանգվածային անկարգությունների գործով անցնող մյուս մեղադրյալներին չկալանավորելու մասին որոշումը: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հայտնել էին դատախազության լրատվական ծառայությունից՝ նշելով նաև, որ նախաքննությունն իրականացնող մարմինն, այսինքն՝ Քննչական կոմիտեն, նախաքննության ընթացքում ցուցաբերել է անհարկի շտապողականություն։

Նշենք նաև, որ ի պատասխան Analitik.am-ի հարցմանը ՀՀ դատախազությունից նշել են, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին՝ Դավիթ Համբարձումյանի և Էրեբունիում զանգվածային անկարգությունների մասով հարուցված քրեական գործով քննության ընթացքում թույլ տրված բացթողումների պատճառները պարզելու, մեղավոր անձանց պատասխանատվության հարցը լուծելու նպատակով ծառայողական քննություն իրականացնելու մասին:

Փաստացի, մի կողմից ՀՀ Դախատազությունն ընդունում է, որ նախաքննական մարմնի կողմից թույլ են տրվել սխալներ, շտապողականություն, մյուս կողմից՝ բողոքարկում է  ՀՀ Վերաքննիչ դատարան՝ ընդհանուր իրավասության դատարանի կողմից կալանավորումը մերժելու դեմ որոշման վճիռը:

Նույն շարքից