Հայաստանի Վճռաբեկ դատարանը քիչ առաջ որոշեց բավարարել մի խումբ պատգամավորների երաշխավորության մասին միջնորդությունը, և «Իգլա»-ի գործով դատապարտյալներ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը ազատ արձակվեցին։
Հիշեցնենք որ Վճռաբեկ դատարան էր ներկայացվել «Ելք» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Սասուն Միքայելյանի անձնական երաշխավորությունները՝ Սամվել Բաբայանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։
Պատգամավորները երաշխավորել են, որ Բաբայանը թույլ չի տա «որևէ անթույլատրելի վարքագիծ»։ Դատարանին ներկայացվել էր նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Վահան Կարապետյանի, Տիգրան Ստեփանյանի և մի այլ պատգամավորների անձնական երաշխավորությունը՝ Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի ազատման դիմաց։