Իրավական 

ՀՀ Ոստիկանության պարզաբանումը՝ քրեական գործեր չհարուցելու հետ կապված

analitik.am

ՀՀ Ոստիկանությունը ներկայացրել է պարզաբանում.

«Aravot.am» ինտերնետային կայք-էջում «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի նախագահ Կարեն Հեքիմյանի կողմից հրապարակված «Ոստիկանությունը սկսել է խուսափել ընդունել և օրենսդրորեն ապահովել քրեական գործ հարուցելու առիթ հանդիսացող հաղորդումների ընթացքը» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ նրա կողմից բերված բոլոր փաստերով կատարվել են ստուգումներ:

Այսպես.
1) 22.05.2018թ. ՀՀ քննչական կոմիտեից ՀՀ ոստիկանություն է ստացվել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ներկայացուցիչ Կարեն Հեքիմյանի դիմումը` 09.05.2018թ. «Առավոտ» օրաթերթում տպագրված ԵՊՀ-ի պրոֆեսոր Մաքսիմ Մանասյանի «Ֆակուլտետում ահուսարսափի և վախի մթնոլորտ էր» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում Կ.Հեքիմյանի դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով սահմանված կարգով չի քննարկվել, քանի որ ՀՀ Վճռաբեկ դատարանի 13.07.2007թ. թիվ ՎԲ-133/07 որոշմամբ տրված իրավական դիրքորոշման համաձայն՝ հանցագործության մասին հաղորդումն, այդ թվում՝ ֆիզիկական անձի կողմից, չի կարող լինել վերացական կամ ընդհանուր բնույթի: Որպեսզի հաղորդումը հիմք հանդիսանա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը կայացնելու համար, այն պետք է բովանդակի տվյալներ կոնկրետ հանցագործության մասին:

Ելնելով վերոգրյալից, Կ.Հեքիմյանի դիմումը 01.06.2018թ. եզրակացությամբ թողնվել է անհետևանք և կցվել քարտուղարության կարգագրին: Դիմումի քննարկման արդյունքների վերաբերյալ գրավոր հայտնվել է Կ.Հեքիմյանին:

2) 22.05.2018թ. ՀՀ քննչական կոմիտեից ՀՀ ոստիկանություն է ստացվել Կարեն Հեքիմյանի դիմումը` 04.05.2018թ. ԵՊՀ-ի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության մեթոդական բաժնի նախկին վարիչ Մամիկոն Թոսունյանի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածած «Դուք և օգնական` Ղարիբյան Ալիկը թալանում էք համալսարանը և այդ թիմը թալանչիներ…» տեսանյութի վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության Կետրոնական բաժնում Կ.Հեքիմյանի դիմումի վերաբերյալ նախապատրաստված նյութերով 11.06.2018թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Որոշման օրինականությունը ստուգելու նպատակով այն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն, իսկ որոշման մեկ օրինակն ուղարկվել է Կ.Հեքիմյանին` պարզաբանելով դրա բողոքարկման կարգը:

3) 22.11.2017թ. Կ.Հեքիմյանի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն կատարած ահազանգի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում նախապատրաստված նյութերը թողնվել են անհետևանք և 25.11.2017թ. եզրակացությամբ կցվել քարտուղարության կարգագրին, հաշվի առնելով, որ բանկային քարտից կատարված գործարքն իրականացվել է ՀՀ սահմաններից դուրս: Այս ամենով հանդերձ, դիմումի քննարկման արդյունքների վերաբերյալ միայն 6 ամիս անց է պատասխանվել Կ.Հեքիմյանին, ինչի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի կողմից ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը հանձնարարվել է կատարել ծառայողական քննություն:

Նույն շարքից