Իրավական 

Սա դիտարկում ենք որպես անհարգալից վերաբերմունք արդարադատության հանդեպ. Նաիրա Զոհրաբյան

analitik.am

ՀՀ ԱԺ Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ՖԲ էջում գրում է.

«Երեկ ես, իմ գործընկեր` ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ միասին, անձնական երաշխավորություն էինք ներկայացրել “Սասնա ծռեր” խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը փոխելու համար: Նաև անձամբ ներկայացել էինք դատարան` համապատասխան ընթացակարգով հաստատելու մեր երաշխավորությունը:

Ժամեր անց, սակայն, զարմանքով տեղեկացանք, որ մեր երաշխավորությունը հաշվի չի առնվել դատավոր Մեսրոպ Մակյանի կողմից և փաստաբանի միջնորդությունը Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին մերժվել է:

Պետք է նշենք, որ բարձր ենք գանահատում ՀՀ գլխավոր դատախազության սկզբունքային դիրքորոշումը այս, ինչպես և նախորդ նմանատիպ միջնորդությունների կապակցությամբ:

Սակայն չեմ կարող իմ տարակուսանքը չարտահայել դատավոր Մեսրոպ Մակյանի որոշման վերաբերյալ: Մեզ համար զարմանալի է, թե ինչպես կարող է նույն դատավորը նույն գործով երկու այլ մեղադրյալների հարցում արտահայտել այլ դիրքորոշում և խափանման միջոց փոփոխել պատգամավորների երաշխավորությունը հաշվի առնելով, իսկ մեկ այլ մեղադրյալի դեպքում, երբ առկա չէ այդ միջնորդությունը չբավարերելու որևէ էական տարբերակիչ հանգամանք, արտահայտել տրամագծորեն հակառակ դիրքորոշում: Սա դիտարկում ենք որպես անհարգալից վերաբերմունք արդարադատության հանդեպ»:

Նույն շարքից