Իրավական 

Փաստաբանը Փաշինյանին հիշեցրեց Քոչարյանի խոսքերը և պահանջեց ներողություն խնդրել Մանվել Գրիգորյանից

analitik.am

Այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, վերջինիս հիշեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը Մարտի 1-ի մասին:

Ընթերցելով Փաշինյանին ուղղված բաց նամակը՝ փաստաբանը նշեց, թե վարչապետի խոսքի ուժն այնքան հզոր է, որ ազգի հերոսին կարող է ներկայացնել որպես տականք, իսկ տականքին՝ ազգի հերոս:

Բաղդասարյանը հիշեցրեց Փաշինյանի տեսաուղերձի մասին՝ հարց բարձրացնելով, թե վարչապետի կանխակալ կարծիքը լսելուց հետո դատարաններն ի՞նչ պետք է անեն. «Ձեր հայտարարությունից հետո հասարակությունն ատելությամբ է լցվում Մանվել Գրիգորյանի, նրա հարազատների, փաստաբանների նկատմամբ: Ավելին, Ձեր հայտարարությունում խոսում եք գողության, յուրացման մասին, երբ քրեական գործում այդ պահին խոսվել է միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու մասին: Ժամանակին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ Մարտի 1-ն ուչաստկովիի գործ է և ուղղորդեց նախաքննությանը, որի իրավունքը չուներ: Այսօր Դուք հրապարակայնորեն մեղադրում եք անձին առանց օրինական ուժ ստացած դատական ակտի, ինչի իրավունքը չունեք: Եթե անձը մեղադրվում է առերևույթ ծանր հանցագործության մեջ և դա երկրի առաջին դեմքի կողմից հրապարակայնորեն հայտաարվում է, ինչից հետո պետական լիազոր մարմինները լծվում են ասվածը սրբագրելուն, նշանակում է, որ Հայաստանում հնչեղ գործերով չի կարող լինել արդարադատություն: Ստեղծեք նախորդ դարի 30-ականների տրոյկաները, իսկ մեղադրվող անձին հրապարակայնորեն կախեք, վառեք, քառատեք»:

Փաստաբանի խոսքերով, անկախ անձի կատարած հանցագործության տեսակից ու չափից, երբ նա ունի կալանքի հետ կապված անհամատեղելի հիվանդություններ, պետության կողմից նրան կալանավորելը համարվում է խոշտանգում և ծանր հանցագործություն. «Դիմելով Ձեզ՝ կոչ եմ անում հրապարակայնորեն հանդես գալ և կոչ անել ժողովրդին դադարեցնել հաշվեհարդարի սպառնալիքները Մանվել Գրիգորյանի, նրա մերձավորների նկատմամբ, հրապարակայնորեն դիմել իրավապահներին կատարելու օբյեկտիվ քննություն և եթե կապացուցվի անձի կամ անձանց մեղքը զազրելի հանցագործության մեջ, պատժել օրենքի ողջ խստությամբ, հանձնարարել, որպեսզի տան բժշկական օբյետկիվ եզրակացություն Մանվել Գրիգորյանի կալանքի օրինաչափությանը՝ կապված իր հիվանդությունների հետ: Հաշվի առնելով այն, որ Մանվել Գրիգորյանին հրապարակայնորեն մեղադրել եք մի բանում, որը պետք է ապացուցվի միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտով, որով վիրավորել և զրպարտել եք Մանվել Գրիգորյանի պատիվն ու արժանապատվությունը, հրապարակային ներողություն խնդրեք Մանվել Գրիգորյանից: 5-րդ՝ հրապարակային հայտարարեք, որ Մանվել Գրիգորյանի փաստաբաններին չվիրավորեն, չահաբեկեն, չնույնականացնեն իրենց պաշտպանյալների հետ, հայտարարեք, որ արդարադատության, իրավունքի կայացման գործում հեգեմոն դեր ունի իրավապաշտպանը»:

Նույն շարքից