Բարի օր Իրավական 

Հայրս սպանվել է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի եղբորորդու կողմից. Էդուարդ Պողոսյան

Էդուարդ Մհերի Պողոսյանն իր ՖԲ էջում դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Ներկայացնում ենք վերջինիս դիմումն ամբողջությամբ.

«ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ես՝ Էդուարդ Մհերի Պողոսյանս, ծնվել եմ 1986 թվականի օգոստոսի 4-ին Էջմիածին քաղաքում:
Ներկայումս ապրում եմ Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադ քաղաքում, հանդիսանում եմ ՌԴ քաղաքացի:

Հայրս՝ Մհեր Վլադիմիրի Պողոսյանը, ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 22-ին:
Հայրս մեծացել է բժշկի և կուսակցականի ընտանիքում, մասնավորապես՝ տատիկս 25 տարի շարունակ հանդիսացել է իմ հարազատ քաղաքի ծննդատան գլխավոր բժիշկը, իսկ պապիկս՝ <<Ռայկոմի երկրորդ քարտուղարը>>:

Հայրս ստանալով երեք բարձրագույն կրթություն՝ <<Տոչպրիբոր>> գործարանի բանվորից հասել է մինչև նույն գործարանի գլխավոր տնօրենի պաշտոնին:

Ցավոք, 1994 թվականի ապրիլի 16-ին հայրս սպանվել է իր հարազատ քաղաքում՝ ոճրագործի արձակած գնդակից:

Հայրիկիս անժամանակ մահից հետո ես՝ մորս և երկու մանկահասակ եղայրներիս հետ միասին ստիպված ենք եղել լքել մայր հայրենիքը և մշտական բնակություն հաստատել Ռուսաստանի Դաշնությունում:
Հայրենիքը լքելու պատճառ է հանդիսացել իմ և իմ ընտանիքի անվտանգությանը անմիջականորեն սպառնացող վտանգը:

Իմ հարազատ Էջմիածին քաղաքում մինչ օրս յուրաքանչյուրին է հայտնի, որ հայրս սպանվել է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի եղբորորդի, ՀՀ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի կողմից:

Մասնավորապես, դեպքից հետո այդ զարհուրելի ոճրագործությանը ականատես անձինք իմ ընտանիքին պատմել են, որ հայրս սպանվել է Արմավիրի մարզի Ակնալիճ տարածքում այդ տարիներին գործող, ներկայումս Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ռեստորանային համալիրում, երբ փորձել է պաշտպանել այդ տարիներին Էջմիածնի էլեկտրական ցանցի տնօրեն <<Ֆալչի Նորիկ>> մականվամբ Նորիկ Կարապետյանին, ում հետ Հրանտ Գրիգորյանը վիճաբանելիս է եղել: Նույն ժամանակ ռեստորանային համալիրում են գտնվել և դեպքին ականատես եղել նաև հորս վարորդը՝ Գևորգը, համաքաղաքացիներ <<Քիթ Նորիկ>> մականվամբ Նորիկ Կարապետյանը, <<Խըլնգյոզի Համո>> մականվամբ Համլետ Աշբաբյանը և Հրաչիկ Կարճիկյանը: Միջամտելով վիճաբանությանը՝ հայրս փորձել է հանդարտեցնել, սակայն Հրանտ Գրիգորյանի արձակած երկու կրակոցից, որոնցից մեկը դիպել է կրծքավանդակին, իսկ մյուսը՝ գլխին, հայրս տեղում մահացել է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ տարիներին իմ քաղաքում հաստատված ամենաթողության և անպատժելիության մթնոլորտի շնորհիվ Մանվել Գրիգորյանին ու նրա գերդաստանին թույլատրված է եղել ընդհուպ մինչև մարդ սպանել և անպատիժ մնալ, այդ իսկ պատճառով դեպքից հետո պապիկս, ինչպես նաև մայրս, իմ և եղբայրներիս անվտանգությունից ելնելով, տեղի ունեցած զարհուրելի դեպքի մասին վախեցել են բարձրաձայնել և Մանվել Գրիգորյանի ու ոճրագործի սպառնալիքների ազդեցության ներքո լռելյայն տարել են այն հորինված վարկածը, որ իբր հայրս սպանվել է Արցախյան գոյամարտի դաշտում՝ ծառայողական պարտականությունները կատարելիս:

Այն մասին, որ իբրև հայրս զոհվել է վերը նկարագրված՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ, ես իմացել եմ արդեն հասուն տարիքում՝ մեր տան արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությամբ:

Մասնավորապես, զավեշտալի է, բայց փաստ, որ <<13 մարտ 1993թ.>> թվագրմամբ հիշյալ փաստաթղթի համաձայն, որն ի դեպ ստորագրված և կնիքված է այդ ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Ա.Պետրոսյանի կողմից, հիշյալ փաստաթուղթը ստորագրելու օրվա՝ այսինքն 1993 թվականի մարտի 13-ի դրությամբ, ՀՀ պաշտպանության նախարարի հիշյալ տեղակալին արդեն իսկ հայտնի է եղել, որ հայրս շուրջ մեկ տարի մեկ ամիս երեք օր անց այսինքն՝ 1994 թվականի ապրիլի 16-ին, զոհվելու է մարտի դաշտում՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, ինչի մասին է վկայում հիշյալ փաստաթղթում առկա գրառումը /փաստաթղթի պատճենը կցվում է/:

Տարիներ շարունակ իմ ընտանիքը կսկիծը սրտում ապրել է՝ հավատալով, որ մի գեղեցիկ օր, ի վերջո, հորս սպանության և իմ ու եղբայրներիս որբացման պատճառ հանդիսացած ոճրագործը կկրի իր արժանի պատիժը և ՀՀ Ազգային Ժողովի դահլիճից կտեղափոխվի բանտ, որտեղ՝ օրինական երկրում ապրելու պայմաններում նա վաղուց պետք է հայտնված լիներ:

Մեր ընտանեկան այս մեծ ողբերգության մասին պապիկս իր կենդանության օրոք վախեցել է բարձրաձայնել՝ տեղի տալով Մանվել Գրիգորյանի ու նրա եղբորորդու՝ Հրանտ Գրիգորյանի սպառնալիքներին՝ չցանկանալով նաև նրանց հակառակվելու դեպքում վտանգի տակ դնել իմ և եղբայրներիս կյանքը:
Հետագայում՝ պապիկիս մահից հետո մայրս նույն պատճառաբանությամբ վախեցել է բարձրաձայնել հայրիկիս սպանության իրական մեղավորի և տեղի ունեցած ոճրագործության իրական մանրամասների մասին:

Այսօր, երբ ՀՀ-ում հաստատվել է լեգիտիմ իշխանություն, իմ ընտանիքի մոտ հույս է արթնացել, որ դեպքից շուրջ 24 տարի անց, ի վերջո, արդարությունը կվերականգնվի և հայրիկիս դաժան սպանության համար մեղավորը կկրի իր արժանի պատիժը:

Վերոգրյալի հիման վրա՝ խնդրում եմ, սույն դիմումս ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում և դրան ընթացք տալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Միաժամանակ պատրաստակամություն եմ հայտնում քննիչի առաջին իսկ կանչի դեպքում վերադառնալ ՀՀ և ներկայացնել դեպքի վերաբերյալ ինձ հայտնի մանրամասները, որոնք արդեն իսկ նկարագրել եմ սույն հաղորդմանս մեջ:

Կանխավ շնորհակալություն.

Հարգանքով՝ Էդուարդ Մհերի Պողոսյան (Ռուսաստանի Դաշնություն, ք.Կալինինգրադ, հեռ. 0079660000036)»:

Նույն շարքից