Ռոբերտ Քոչարյանի բերման ենթարկելու մասին որոշում չի կայացվել, սակայն նրան կրկին ծանուցագիր է ուղարկվել որպես վկա հուլիսի 26-ին հարցաքննության ներկայանալու համար: Այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ խոսելով Մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ 2-րդ նախագահի հարցաքննության մասին:
Խաչատրյանն ասաց, որ Քոչարյանը չներկայանալու դեպքում պարտավոր է հարգելի պատճառներ ներկայացնել, հակառակ դեպքում կկիրառվի դատավարական հարկադրանքի միջոցներ. «Ես ասում եմ այն կարգավորումները, որը կա օրենքում»:
ՀՔԾ պետը նշեց, որ անձեռնմխելիության հարց չկա, ուղղակի Քոչարյանը կարող է իրոք հարգելի պատճառներ ունենալ, կարող է բուժման մեջ լինել, կամ ինչ-որ կարևոր հանդիպում ունենալ, որի մասին պարզապես տեղյակ չի եղել, որ պետք է ասի ՀՔԾ-ին. «Մենք այդ ամենը կպարզաբանենք Քոչարյանի գրասենյակին, և հույս ունեմ, որ նա ժամանակին կներկայանա հարցաքննության»:
Հարցին, թե չներկայանալու և հիմքեր չներկայացնելու դեպքում արդյո՞ք հետախուզում կհայտարարվի, ՀՔԾ-ը պետը հրաժարվեց պատասխանել: