Բարի օր Իրավական 

Դիվիզիայի նախկին հրամանատար գնդապետին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊԲ դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու և իշխանության անգործություն դրսևորելու համար:

Մինչդատական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2012թ. նոյեմբերին 47-ամյա գնդապետը նշանակվել է N դիվիզիայի հրամանատար, որտեղ ֆինանսական ծառայության պետի պաշտոնը 2002 թվականից զբաղեցրել է հարազատ եղբայրը՝ կոչումով մայոր։

Նկատի ունենալով, որ ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրի 115-րդ հոդվածի համաձայն՝ ֆինանսական ծառայության պետը գտնվել է նույն զորամասի (տվյալ դեպքում՝ դիվիզիայի) հրամանատարի անմիջական ենթակայության տակ՝ մայորը ֆինանսական ծառայության պետ է նշանակվել այլ զորամասում՝ այդպիսով դուրս գալով եղբոր անմիջական ենթակայությունից։ Իսկ նրա փոխարեն դիվիզիայում կատարվել է այլ նշանակում։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ գնդապետը, հարազատ եղբոր ծառայությունն իր անմիջական ենթակայության ներքո կազմակերպելու համար, անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը։ Այն է՝ եղբոր տեղափոխության հրամանի առկայության պայմաններում, իր ենթակայության տակ գտնվող զորամասերի հրամանատարական կազմին հանձնարարել է, որ եղբայրը շարունակելու է կատարել դիվիզիայի ֆինանսական ծառայության պետի պարտականությունները, ինչի արդյունքում դիվիզիայում ծառայությունն իրականացնելու դիմաց սահմանված ամենամսյա լրավճարները 2013-2016թթ. փոխանցվել են գնդապետի եղբոր հաշվեհամարին:

Բացի այդ, ՊԲ դիվիզիայի նախկին հրամանատարը, հարազատ եղբոր ծառայությունն իր անմիջական ենթակայության ներքո կազմակերպելով, դրսևորել է իշխանության անգործություն, որի հետևանքով անզգուշությամբ պետությանը պատճառվել է ծանր նյութական վնաս:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՊԲ N զորամասի ֆինանսական ծառայության պետը, 2013-2016թթ. կատարելով ԼՂՀ ՊԲ N դիվիզիայի ֆինանսական ծառայության պետի պարտականությունները, անձնակազմի դրամական բավարարումների վերաբերյալ կազմված պաշտոնական փաստաթղթերում ապօրինի հավելագրումներ կատարելու և հավելագրված գումարն իր հաշվեհամարին փոխանցելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով հափշտակել է պետական ֆոնդից դուրս գրված և իր հաշվեհամարին փոխանցած առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 10.108.023 ՀՀ դրամ:

Հայտնել էինք նաև, որ մայորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, և քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրյալն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը:

Բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել նաև գնդապետին՝ նախկին հրամանատարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին և 375-րդ հոդվածի 2-րդ մասերով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • 96
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  • 2
  •  
  •  
  •  
    100
    Shares

Related Articles