Բարի օր Իրավական 

«Կոնցեռն դիալոգ»-ի կողմից հնարավոր ազդեցություններ՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի վրա

Այսօր «Հետք»-ը հրապարակել էր «Անելիք» բանկի 40%-ի բաժնետեր Մազեն Ա.Շեհայեբի հետ հարցազրույց, որտեղ վերջինս ասում է այն մասին, թե իբր Գևորգ Աֆանդյանն ազդեցություն է ունեցել քաղաքացիական դատարանի վրա։

Analitik.am-ը փորձեց պարզել, թե ինչ է իրականում կատարվում։ Ըստ մեր ձեռքի տակ եղած փաստերի, ստացվում է, որ Գևորգ Աֆանդյանին պատկանող ընկերության գրավադրված գույքն ու հոսքագծերը «Անելիք» բանկի կողմից անօրինական հիմքերով օտարվել է 3-րդ ընկերությանը՝ խախտելով առկա համաձայնագիրը, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ դատարանը բավարարի Սնանկության կառավարչի հայցն ընդդեմ «Անելիք» բանկի։ Փաստացի, օրինական վճիռ է կայացվել։ Այնուհետև «Անելիք» բանկը վճիռը բողոքարկել է ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան, սակայն այս փուլում արդեն «Անելիք» բանկի շահերը սկսել է պաշտպանել «Կոնցեռն դիալոգ» իրավաբանական ընկերությունը։

Այս ընկերության մասին այսօր Armtimes.com կայքը տեղեկություններ էր հրապարակել առ այն, որ «Կոնցեռն դիալոգը» բավականին տարակուսելի համբավ ունի: Կայքը գրել էր, որ ըստ օդում կախված լուրերի, այս «գրասենյակը» հաջողությամբ կարողանում է «լեզու գտնել» որոշ դատավորների հետ եւ «պոկել» ցանկալի վճիռներ ու որոշումներ: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնում Արսեն Մկրտչյանի նշանակվելը ենթադրում է, որ այդ «լեզու գտնելու» ավանդույթը շարունակվելու է: Վերջինս հայտնի է նրանով, որ կարողանում է, պատկերավոր ասած, մի ստորակետը դարձնել ցանկացած վճռի բեկանման կամ հաստատման հիմք: Այսինքն, ցանկացած դատական գործով կայացված վճիռ, որը կհայտնվի քաղաքացիական վերաքննիչ դատարանում, «Կոնցեռն դիալոգի» եւ Արսեն Մկրտչյանի «լեզու գտնելու» շնորհիվ կարող է բեկանվել կամ հաստատվել ըստ նպատակահարմարության: Եվ այդ դեպքում «պտուղները» առաջվա նման կբաժանվեն Հրայր Թովմասյանի, Արսեն Մկրտչյանի եւ «Կոնցեռն Դիալոգի» միջև։

Հաշվի առնելով Armtimes.com-ի հրապարակած տեղեկությունները և Analitik.am-ի ունեցած փաստերը, կարելի է արձանագրել, որ վերոնշյալ գործի մասով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում կարող է անօրինական վճիռ կայացվել։ Մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը, իսկ գործի մանրամասները՝ փաստերով, կներկայացնենք մոտ օրերին։

Նույն շարքից