Բարի օր Իրավական 

Առանձին օգտատերերի կողմից արված վերացական հաղորդումները չեն կարող ստուգվել. ՀՀ Ոստիկանության պատասխանն Analitik.am-ին

analitik.am

ՀՀ ոստիկանությունը պատասխանել է Analitik.am-ի հրապարակմանը՝ ներկայացնելով հետևյալ պարզաբանումը. « ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից հանցագործության մասին վերացական հաղորդումները չեն կարող գնահատվել և ստուգվել որպես քրեական գործ հարուցելու օրինական առիթներ: Բացառություն են կազմում էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցների այն հաղորդումները, որոնք սոցիալական ցանցերում շրջանառվում են որպես հանցագործության մասին հաղորդումներ, և դրանց բովանդակությանը բնորոշ է կոնկրետությունն ու առերևույթ հանցագործության հատկանիշների նկարագրությունը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ստուգվում են էլեկտրոնային լրատվամիջոցների այն բոլոր հաղորդումները, որոնցով հնարավոր է նույնականացնել հանցագործության դեպքը կամ հանցագործություն կատարող ենթադրյալ անձանց կամ հանցագործության վայրը, ժամանակը, եղանակը:

Միաժամանակ պարզաբանում ենք, որ սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել այն անձինք, ովքեր, հանցագործության մասին սուտ մատնություն կատարելով, հաղորդումները հասցեագրում են իրավապահ մարմիններին:

Analitik.am կայքի «Պահանջում ենք քրեական գործ հարուցել և պարզել Գարեգին 2-րդի դեմ հնչեցված մեղադրանքների իսկության հարցը» վերտառությամբ հոդվածում (https://analitik.am/news/view/417126) նշված տեղեկությունը ենթադրյալ հանցագործության մասին վերացական հաղորդում է, որի վերաբերյալ քրեադատավարական ստուգում չի իրականացվելու»:

Նույն շարքից