Իրավական 

Խաբեությամբ հափշտակվել են քաղաքացիների բջջային հեռախոսները

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացիների բջջային հեռախոսները խաբեությամբ հափշտակած անձի ինքնությունը:

2018թ. հուլիսի 6-ին քաղաքացուց  հաղորդում է ստացվել առ այն, որ նախորդ օրը՝ հուլիսի 5-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ամիրյան փողոցում գործող ռեստորաններից մեկում վաճառել է «Սամսունգ» տեսակի իր բջջային հեռախոսը մի երիտասարդի, ով խոստացել է գումարը վճարել նույն օրը, սակայն չի վճարել և ոչ էլ հեռախոսն է վերադարձրել։

Նույն օրը նույնաբովանդակ հաղորդում է ստացվել մեկ այլ քաղաքացուց առ այն, որ օրեր առաջ՝ հուլիսի 3-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Սայաթ-Նովա փողոցում գործող ռեստորանում «Այֆոն» տեսակի իր բջջային հեռախոսը վաճառել է մի անձի, ով խոստացված գումարը չի վճարել և խաբեությամբ հափշտակել է նշված հեռախոսը:

Դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով։ Քրեական գործերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ քաղաքացիներն իրենց հեռախոսները վաճառել են նույն անձին. ռեստորանի անվտանգության տեսախցիկների տեսագրության զննության ժամանակ տուժողները մատնացույց են արել առերևույթ նույն անձին, ում վաճառելու նպատակով տվել են իրենց հեռախոսները։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից