Իրավական 

Գագիկ Հարությունյանը հեռախոսազրույց չի ունեցել. Դատական դեպարտամենտը հերքում է

analitik.am

«Փաստ» օրաթերթը հուլիսի 25-ին «տեղեկատվություն» է տարածել` նշելով. ««Փաստի» ունեցած հավաստի տեղեկություններով, այն բանից հետո, երբ դատավորները 1/5–ի պահանջով նախաձեռնել են հուլիսի 27–ին հրավիրել Դատավորների ընդհանուր ժողովի արտահերթ նիստ, ակտիվորեն գործի է անցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով առժամանակ կասեցրել է առաջխաղացման մրցույթները և զանգահարում է դատարանների նախագահներին, որպեսզի վերջիններս հորդորեն դատավորներին՝ չմիանալ կամ հետ կանգնել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունից»:

Բերված «հավաստի տեղեկությունները» ստի հերթական չափաբաժին են: Որևէ մրցույթ, որևէ մեկի կողմից չի հետաձգվել: Բարեխիղճ լրագրողը կարող էր դրա մասին տեղեկանալ դատական իշխանության պաշտոնական կայքից:

Այս փուլում օրենքով սահմանված կարգով նախատեսված է երեք մրցույթ, որոնք հայտարարված են, հայտարարությունները տեղակայված են դատական իշխանության պաշտոնական կայքում, և գործընթացը բնականոն հունով ընթանում է:

ԲԴԽ նախագահն առնվազն վերջին երեք շաբաթների ընթացքում որևէ դատարանի նախագահի հետ հեռախոսազրույց չի ունեցել, առավել ևս՝ նշված հարցով:

Իրականության հետ աղերս չունի նաև Դատական դեպարտամենտի լրատվական ծառայության հետ կապվել չկարողանալու հանգամանքը, քանի որ մամուլի ծառայությունը միշտ հասանալի է ու աշխատում է գրեթե շուրջօրյա ռեժիմով:

Լրագրողի երևակայությունը չի կարելի ներկայացնել որպես «հավաստի տեղեկություն» և հրամցնել հանրությանը:

Դատական դեպարտամենտի մամուլի ծառայություն

Նույն շարքից